Սերժ Սարգսյան. «Անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ»

«Մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից»,- հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը գործարարների ամանորյա ընդունելության ժամանակ։

«2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից: Այսպես՝ 2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9 տոկոս՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ», - նշել է նախագահը՝ կարևորելով նաև միջին ամսական աշխատավարձերի 8.5 տոկոս աճը գնաճի 4.1 տոկոսի պարագայում և հարաբերական կայունությունը արժութային շուկայում:

«Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից: Միայն այդ կերպ մենք կգտնենք և կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ», - հավելել է Սերժ Սարգսյանը:

Նա մատնանշել է Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես» վարկանիշում Հայաստանի առաջխաղացումը 3 կետով, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» և Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» զեկույցներում, որպես բարեփոխումների ակտիվ քաղաքականության իրականացման արձանագրում:

«Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարևորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, և դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Գալիք տարվա ընթացքում պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ», - նշել է Սերժ Սարգսյանը ու հավելել․ - «Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար: Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ: Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական և կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե՛ իշխանությունները, թե՛ մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար: Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար և միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները»: