Հրապարակվել են մահացած ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևի ծեծի կադրերը

Կադր հրապարակված տեսանյութից

Ադրբեջանական ANN TV հեռուստաընկերությունը հրապարակել է օգոստոսի 8-ին մահացած ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևի ծեծի կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ մոտենում Ալիևին, նրանցից մեկը ոտքով հարվածում է լրագրողին, նա ընկնում է գետնին, մյուսները ևս միանում են ծեծին:

Ծեծից հետո Ալիևը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հասցրել է լրագրողներին պատմել կատարվածի նախապատմությունը, իսկ ժամեր անց մահացել է: Նա ասել է, որ հարձակման պատճառը նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արված քննադատական գրառումն էր ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի հասցեին: Այս ֆուտբոլիստը Կիպրոսում տեղի ունեցած խաղի ժամանակ Թուրքիայի դրոշն էր ծածանել, իսկ հետո անպարկեշտ ժեստ արել, երբ մի լրագրող հետաքրքրվել էր, թե ինչու է բերել այդ դրոշը:

Ռասիմ Ալիևը սոցցանցում հրապարակել էր տեսանյութը և մեկնաբանել․ - «Չեմ ուզում, որպեսզի նման անբարո մարդն ինձ ներկայացնի եվրոպական ֆուտբոլային դաշտերում»:

Մահից ժամեր առաջ Ալիևն ասել է նաև, որ իրեն զանգարահել են ֆուտբոլիստի հարազատները և ինքը՝ Հուսեյնովը, առաջարկել են հանդիպել, թեյ խմել: Ի վերջո, լրագրողը գնացել է հանդիպմանը՝ մենակ: Ծեծել են վեց հոգով: Ալիևն ասել է, որ կարողացել է զանգահարել ոստիկանություն, իրավապահները ոչ մի կերպ չեն արձագանքել լրագրողի հաղորդմանը։

Ռասիմ Ալիևը աշխատում էր Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում, որը Ադրբեջանի իշխանությունները փակել էին անցյալ տարի:

Լրագրողը նախկինում ևս ենթարկվել էր հետապնդումների: Տարբեր ցույցերի ժամանակ Ալիևի վրա հարձակվել են ոստիկաններ, լրագրողը նաև սպառնալիքներով նամակներ է ստացել սոցիալական ցանցերով:

Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ֆուտբոլիստ Հուսեյնովի զարմիկը՝ Էլշան Իսմայլովը։ Հուսեյնովին ևս մեղադրանք է առաջադրվել՝ դեպքի մասին իմանալու և ոստիկանություն չդիմելու, ինչպես նաև ծանր հանցագործությունը թաքցնելու համար: Նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում: