Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, տարեվերջյան նիստում խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաստատվել են 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, 2016 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2016թ. ԵՊՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը: Ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է ԵՊՀ-ի 2015թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն:

Համալսարանի ռազմավարական ծրագրի համաձայն՝ ԵՊՀ-ի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթական ծրագրերի և հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների իրականացմանը:

Հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել «Ուսանողական ծառայություններ» ՍՊԸ ստեղծելու և ընկերության կանոնադրությունը հաստատելու մասին:

Նիստի ավարտին Սերժ Սարգսյանը պատասխանել է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Համալսարանում նախագահը նաև ծանոթացել է ԵՊՀ-ի հրատարակչության կողմից վերջին երկու տարում տպագրված գրքերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած աշխատություններին: