Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մոսկովյան գագաթնաժողովում Հայաստանի նախագահի քննադատությունը և գնահատականները «ինչ-որ տեղից հնչել են քաղաքական մասով, այսինքն՝ հետաքրքրվել, պարտավորություններ կատարել, ի վերջո, աջակցել՝ դա հիմնականում ոչ անմիջական ռազմական բնույթի իմաստ ունի»։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք և այսօր էլ մնում ենք նույն տեսակետին, որ հայկական բանակն իր խնդիրը կատարում է, փառք Աստծո, էդ խնդիրը չկա, որ ՀԱՊԿ-ին օգնության դիմելու հարց լինի։ Հետևաբար, նախագահի ասածը հենց քաղաքական մասով է, որ ես, ցավոք, մեկնաբանելու իրավունք չունեմ», - նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, նախագահի քննադատությունը պետք է դիտարկել նաև մեկ այլ համատեքստում՝ Հայաստանի կարևոր դերակատարությունը ՀԱՊԿ-ի մեխանիզմների զարգացման գործում։
«Որովհետև ՀԱՊԿ-ի գործուն զարգացման մեխանիզմների և մոդեռնիզացիայի գործում Հայաստանը միշտ առանցքային դեր է խաղացել, այսինքն՝ միշտ Հայաստանն է ասել՝ «բերեք սա զարգացնենք, այ, բերեք սա զարգացնենք...», այսինքն՝ ՀԱՊԿ-ին կենդանի շունչ միշտ Հայաստանը տվել է։ Օրինակ, երեկ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնը ևս ընտրովի կարող է դառնալ, ֆորմատ կարող է փոխվել։ Այսինքն՝ Հայաստանը միշտ ՀԱՊԿ-ին ավելի դինամիկ, ավելի առարկայական և այս պահի դրությամբ նաև համաշխարհային մարտահրավերներին ավելի համահունչ դարձնելու ցանկություն և գործողություններ միշտ կատարել է», - ասաց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսնակը։
Հովհաննիսյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները նաև քաղաքական պարտավորություններ ունեն միմյանց հանդեպ։ «Ինչո՞ւ է Հայաստանի նախագահը հատուկ շեշտում՝ «մի անգամ զանգե՞լ եք, հետաքրքրվե՞լ եք՝ ձեր դաշնակից երկրում ինչ է կատարվում»։ Չէ՞ որ սա քաղաքական պարտավորություն է ըստ փաստաթղթի։ Դեռ, փառք Աստծո, չի հասել բանը դրան, բայց չէ՞ որ ինչ-որ բան սկսվում է այդտեղից», - ասաց նա։
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագիրն այլևս չի գործում, և Հայաստանն այս պահին գտնվում է պատերազմական վիճակում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես կուզենայի, որ չֆիքսվենք մեկ բառի վրա։ Էստեղ կարևոր հանգամանքը այն է, որ հրադադար չկա։ Գլխավոր գաղափարը հետևյալն է՝ մենք չունենք հրադադար, Ադրբեջանի ձեռամբ մենք մսխել ենք հրադադարը, այսինքն՝ իրենք են մսխել, և իրավիճակը հետևյալն է․ երբ որ չկա հրադադար՝ չկա խաղաղություն, եթե չկա խաղաղություն՝ ինքը ռազմական որևէ դրություն է, ռազմական տվյալ դրության վերնագիրն ինչպե՞ս կտանք՝ մենք ունենք իրավիճակ՝ սահմանին մարտական գործողություններ են, դա կիսապատերազմ է, դա դանդաղ պատերազմ է, դա հիբրիդային պատերազմ է, սա ճաշակի հարց է, բայց մի բան ակնհայտ է՝ մենք չունենք խաղաղություն, մենք չունենք հրադադար՝ սա է ամենակարևորը»։
Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել էր կազմակերպությանը՝ մասնավորապես հայտարարելով․ - «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»։