Հոկտեմբերին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատվելուց շուրջ կես ամիս անց մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի մոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել՝ «հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ»:
ՀՔԾ-ի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար: Վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Սողոմոն Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան»:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», կատարվում է նախաքննություն: