Փորձագետ․ Հարկային քաղաքականությունը լրջագույն խնդիր ունի

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, արխիվ:

Ստվերի դեմ անզիջում պայքար մղելու մասին վարչապետի հայտարարությունից մեկուկես տարի անց հարկերի հավաքման ցուցանիշը վատացել է:

Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով 2016 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխված տարբերակը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ գալիք տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 20.74 տոկոս՝ նախորդից մոտ երեք տոկոսային կետով պակաս․ - «2016 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների և ծախսերի ամփոփ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար․ եկամուտներ՝ 1 տրիլիոն 186.3 միլիարդ, որից հարկային եկամուտներ և տուրքեր՝ 1 տրիլիոն 126 միլիարդ դրամ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 20.74, ծախսերինը՝ 1 տրիլիոն 377 միլիարդ դրամ»:

Այս ցուցանիշը վատագույնն է նախորդ տարիների համեմատ: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, 2013-ին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.34 տոկոս, 2014-ին՝ 23.24 տոկոս, իսկ այս տարի նախատեսված է ապահովել 23.39 տոկոս:

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ցույց է տալիս, թե տվյալ տարում հավաքված հարկերը տնտեսության քանի տոկոսն են կազմում: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը սովորաբար բարձր է, ինչը նշանակում է, որ նման պետությունների կառավարությունները հաջողությունների են հասել, այդ թվում՝ ստվերային տնտեսության կրճատման գործում:

Դանիայում, որի օրինակը բուռն քննարկվում էր ծառայողական ավտոմեքենաների քանակի հետ կապված, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2014 թվականին եղել է 48.6 տոկոս, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է հայաստանյան ցուցանիշը:

«Ազատության» հարցմանը, թե որն է հարկահավաքման ծավալների նման անկման պատճառը, Ֆինանսների նախարարությունից չարձագանքեցին:

Նախորդ տարի ստանձնելով պաշտոնը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը իր կառավարության առաջնահերթություններից է: 2014 թվականի մայիսին Աբրահամյանը անգամ հատուկ կոչով դիմեց գործարարներին․ - «Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Եվ դա եղել է մեր պայմանը: Եվ նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պաշտպանել, և եթե չպաշտպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակները օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տանք»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ եթե իշխանությունները կարողանային իրական հաջողության հասնել ստվերային տնտեսության կրճատման գործում, ապա հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նման անկում չէր ապրի․ - «Սա առաջինը վկայում է նրա մասին, որ հարկային քաղաքականությունը լրջագույն խնդիր ունի: Եվ նշանակում է մի բան, որ մեր տնտեսական աճը կա՛մ ինչ-որ առումով արհեստական էր, կա՛մ ընդհանրապես չի նպաստում եկամտաստեղծ ոլորտներին, որոնցից հարկեր է հավաքագրում»: