Սիրիական ընդդիմությունը անիրատեսական է համարում ՄԱԿ-ի բանաձևի իրագործումը

Տեսարան Սիրիայի Հալեպ քաղաքից, արխիվ

Սիրիական ընդդիմությունը թերահավատորեն է մոտենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին՝ ուղղված երկրում տիրող իրավիճակի քաղաքական կարգավորմանը:

Միջազգային պլանը նախատեսում է բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության միջև, ինչպես նաև շուտափույթ հրադադար՝ արդեն 2016 թվականի հունվարից:

Սիրիական ընդդիմության առաջատար ուժը համարվող Ազգային կոալիցիան, որը տեղակայված է Ստամբուլում, կարծում է, որ այս պլանը իրագործելի չէ, քանի որ դրանում ոչինչ ասված չէ Բաշար Ասադի ապագայի մասին, ում հրաժարականը ընդդիմությունը համարում է խաղաղ բանակցությունների հիմնական նախապայման:

Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Խալեդ Խոջան «Թվիթեր»-ում գրել է, որ ՄԱԿ-ի ընդունած փաստաթուղթը արժեզրկում է ընդդիմադիր խմբերի նախորդ բանակցությունների արդյունքները և փակուղի է մտցնում Սիրիայի հարցով ընդունված ՄԱԿ-ի նախորդ բանաձևերը:

Կոալիցիայի ղեկավարի գործընկեր Սամիր Նաշարը հայտարարել է, որ հրադադարի ընդունելի առաջընթացի համար սիրիական կառավարությունն ու Ռուսաստանը պետք է վերջ տան ընդդիմության դիրքերին ուղղված հարվածներին:

Միացյալ Նահանգներն ու իր արաբական դաշնակիցները համոզված են, որ Ասադը պետք է լքի Սիրիայի նախագահի աթոռը, մինչդեռ պաշտոնական Դամասկոսի հիմնական դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը պնդում են նրա մասնակցությունը քաղաքական գործընթացներում:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևում, հիշեցնենք, այդ հարցի շուրջ որևէ հստակ առաջարկ չկա: