Եվրամիությունը վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը ևս վեց ամսով՝ մինչև 2016 թվականի հուլիսի վերջը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։

Համապատասխան որոշումն ընդունվել է ուրբաթ երեկոյան՝ Բրյուսելում ԵՄ անդամ 28 երկրների կողմից։

Որոշման հիմքում Մինսկյան համաձայնությունների պայմանների կատարման հարցում շոշափելի առաջընթացի բացակայությունն է: Եվրամիությունը համոզված է, որ Ուկրաինայի արևելքի հակամարտությունը չի կարգավորվում Ռուսաստանի պատճառով, որն աջակցում է անջատականներին։

Սահմանափակումները վերաբերում են էներգետիկ և բանկային ոլորտներին, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանը:

Որոշումը վերջնական կդառնա դեկտեմբերի 21-ին, եթե ԵՄ երկրներից ոչ մեկը գրավոր առարկություն չներկայացնի։