Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, լսելով փաստաբանին, հենց մուտքի մոտ բանավոր մերժեց ընդունումը՝ նշելով, որ փաստաբանն իրավասու անձ չէ, դիմումը պետք է ուղարկվեր Ազգային ժողովից․ - «Դիմումը չեմ կարող ընդունել․․․ Դիմումը Ազգային ժողովում կա․․․ պետք է ուղարկի պաշտոնական»:
Մոտ տասը րոպե տևած բանավեճից հետո ՀԱԿ-ը ներկայացնող փաստաբանն ասաց, որ ինքը նաև մեկ այլ դիմում ունի՝ մի խումբ քաղաքացիների, վստահված անձանց, դիտորդների ու լրատվամիջոցների կողմից։
ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարը այդ փաստաթուղթը նույնպես չընդունեց՝ արդեն պատճառաբանելով, թե աշխատանքային օրն ավարտվել է:
Փաստաբան Տիգրան Եգորյանը օրենքի կոպիտ խախտում որակեց կատարվածը՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանը պարտավոր էր ընդունել թե՛ առաջին և թե՛ երկրորդ դիմումները՝ անկախ դրանց բովանդակությունից․ - «Այսօր արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության հետագա կյանքի համար մի անգերագնահատելի հարցի կապակցությամբ դիմում ընդունելու համար այն միակ ատյանի, որը գոյություն ունի և որը իրավասու է այդ հարցին անդրադառնալ՝ Սահմանադրական դատարանի, դռները փակ էին»:
Վերջին երեք օրերին Հայ ազգային կոնգրեսը փորձում էր 27 պատգամավորի ստորագրություն հավաքել՝ Ազգային ժողովի անունից Սահմանադրական դատարան դիմելու համար։ Այսօր լրացող վերջնաժամկետին, սակայն, պարզվեց, որ ձևաթուղթը ստորագրել են 19 օրենսդիրներ: Իշխող Հանրապետականից բացի, նախաձեռնությանը չմիացան նաև «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը:
Դաշնակցության ղեկավար անդամ Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չեն ստորագրում, որովհետև հանրաքվեի արդյունքները կասկածի տակ դնելու բավարար հիմք չեն տեսնում։
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, մինչդեռ, պնդում է, որ փաթեթում առկա փաստերը լուրջ հիմքեր են պարունակում անգամ հանրաքվեն անվավեր ճանաչելու համար:
Ընդդիմադիր ուժը պատրաստվում է հանրաքվեի խախումների վերաբերյալ փաստերը ներկայացնել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցներին: