Դատարանները շարունակում են որպես խափանման միջոց հիմնականում կալանքն ընտրել

Փաստաբանները պնդում են՝ հայաստանյան դատարանները Խորհրդային Միությունից եկող վատ սովորույթի համաձայն, դեռ շարունակում են մեղադրյալի նկատմամբ որպես նախնական խափանման միջոց հիմնականում կալանքն ընտրել:

Դա սեփական մաշկի վրա է զգացել ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, երբ 4 տարի առաջ, Կարապի լճի մոտակայքից 7 ընկերներով բերման էին ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Թեպետ մինչև այսօր էլ նրանք պնդում են, որ վեճը հրահրել էին ոստիկանները, այդուհանդերձ, դատարանը մինչև դատը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել․ - «Դատարանը որոշեց կալանավորել անհեթեթ պատճառաբանությամբ, իբրև թե մենք ազատության մեջ գտնվելով կարող ենք խոչընդոտել այդ քննության ընթացքը կամ ազդել վկաների վրա, բայց թե ինչպե՞ս մենք կարող ենք ճնշում գործադրել այդ ոստիկանների վրա՝ այդպես էլ գաղտնիք մնաց»։

2 տարի առաջ խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված 4 երիտասարդների դեպքով նույնպես փաստաբանները հայտարարում էին, թե դատարանի կայացրած կալանքի որոշումը պատշաճ հիմնավորված չի եղել: Դատարանը մերժել էր նաև Շանթ Հարությունյանի գործով 2 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները: Միայն վերջերս ազատ արձակված Հովհաննիսյանը շեշտում է՝ կալանքի ժամկետն այնքան երկարաձգվեց, մինչև լրացավ ազատազրկման իր 2 տարին․ - «Չորս անգամ դիմել ենք՝ չորս անգամ մերժել են։ Կալանքը իրենք հիմնականում օգտագործում են որպես պատիժ։ Մեզ ուզում են նեղեն, գցեն փակի տակ»։

Սյունիքի մարզպետի դեմ իրականացված մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն արդեն Եվրոպական դատարան է դիմել՝ պնդելով, որ հուլիսի 3-ին իր պաշտպանյալին ձերբակալել են առանց բավարար ապացույցների, և երկու անգամ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու իրենց միջնորդությունը՝ երկարացրել կալանքի ժամկետը: Ասում է՝ հայ դատավորներին չեն օգնում նաև արտերկրում անցած դասընթացները, որ կալանքից բացի խափանման այլ միջոցներ էլ կարելի է կիրառել։

«Անիմաստ է՝ այս մարդկանց հետ ուղղակի անիմաստ է դառնում իրավաբանության շուրջ ինչ-որ բան խոսել», - դժգոհում է փաստաբանը։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ընդունում է, որ դատարանները մեղադրյալների նկատմամբ հիմնականում կալանքն են ընտրում որպես խափանման միջոց: Ասում է՝ քրեակատարողական հիմնարկներում այսօր չորս հազարից ավելի մարդ է պահվում, որոնցից մոտ երեք հազարը դատապարտյալներ են, իսկ հազարից ավելի մարդու նկատմամբ կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց: Պնդում է՝ շուտով պրոբացիոն ծառայություն կներդրվի, Ազգային ժողով են ուղարկել նաև Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որով սահմանվում են այլընտրանքային լրացուցիչ խափանման միջոցներ, այդ թվում նոր էլեկտրոնային սարքերի կիրառմամբ՝ տնային կալանքի դեպքում։

Իրավապաշտպանները, սակայն, վստահ չեն, որ առաջ քաշվող այս ծրագիրը, որի վրա պետբյուջեից 600 մլն դրամ է ծախսվելու, կփոխի իրավիճակը հիմնովին, ու կրկին ընտրողական վերաբերմունքի չեն արժանանա բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր-բարեկամները: