Չնայած Ամանորը մոտենում է, սակայն Արմավիր տանող ճանապարհի հարևանությամբ գործող շուկայում տոնական աշխուժություն չի նկատվում։
«Ով էլ կա՝ կա՛մ գերհարուստ ա, կա՛մ գերաղքատ ա: Գերհարուստը, պարզ ա, սուպերմարկետից ա առնում, մյուսներն էլ՝ կիլո-կիլո, էսիմ, էն ա, որ Նոր տարի ա», - ասաց շուկայում գյուղմթերք վաճառող մի տղամարդ։
Արշալույսցի Արթուր Սերոբյանը սեփական բերքն իրացնել չի կարողացել։ Ստիպված վարկ է վերցրել, Վրաստանից նարինջ ու մանդարին է բերել։
«Այսօր երեք կիլոգրամ եմ կարողացել վաճառել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա: - «Անցած տարիները էս սեզոնին ստեղ մի 100 հատ մեքենա էր կանգնած՝ ապրանք էր ծախում, մի 200 հատ էլ մեքենա կանգնած ապրանք էր առնում: Իսկ հիմա տեսնում ես վիճակը շուկայի»։
Գյուղացիների խոսքով, բերքառատ տարին պատուհաս դարձավ իրենց գլխին։ Այս տարի ստիպված եղան թափել տոննաներով կաղամբ, սմբուկ, վարունգ ու խաղող:
10 տոննա ցրտահարված ծաղկակաղամբը ցույց տալով՝ արշալույսցի գյուղացին ասում է՝ ամբողջ տարին բերք ցանեցինք ու թափեցինք։ Այգուց կես միլիոն դրամի օգուտ էին ակնկալում, սակայն, տեսնելով, որ կիլոգրամը 20 դրամով էլ չեն կարողանում վաճառել, որոշել են չհավաքել այն։ Տոննաներով ծաղկակաղամբն այժմ անասնակերի է վերածվել։
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռևս նոյեմբերին պնդել էր, թե ինքը ճիշտ էր կանխատեսել, որ այս տարի գյուղացիները բերքի իրացման խնդիր չեն ունենա․ - «Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ: Իհարկե՝ որոշակի խնդիրներ եղան, մենք էդ խնդիրները կարգավորեցինք»:
Արմավիրցիները, մինչդեռ, ասում են, որ պաշտոնյաների հայտարարություններին արդեն վաղուց է չեն հավատում։
«Պտի գա, գյուղացիքի հետ պայմանագիր կապի, նոր իրա հաշվարկներն անի․․․ Օդի մեջի հաշվարկով ո՞ւմ աչքերին ա թոզ փչում՝ քաղաքացիների՞, որ չեն իմանում, թե՞ եվրոպացիների», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:
Չնայած ցրտին, Արշալույսի ու Գեղակերտի բնակիչները ամեն օր վաղ առավոտից գալիս են շուկա՝ մի քանի կիլոգրամ միրգ վաճառելու հույսով։
«Նոր տարվա մեր սեղաններն առատ են լինելու, քանի որ գնորդ չունենք, միրգը հետ ենք տանելու տուն», - կեսկատակ-կեսլուրջ ասում էին նրանք։