ՀԱԿ-ի գլխավոր գրասենյակում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումի պատրաստումը դեռևս ընթացքի մեջ է: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունից 18-ը արդեն ունեն։
«Պրոցեսը փակված չեմ համարում և կարծում եմ, որ ինչքան էլ դժվար է, դա հնարավոր բան է: Եվ մենք աշխատում ենք, փորձում ենք, այնուամենայնիվ, ապահովել այդ քանակը: Էստեղ ամենակարևոր գործոնը, որն աշխատում է հօգուտ ստորագրահավաքի, այն է, որ բոլորը գիտեն՝ հանրաքվեն կեղծվել է խայտառակ ձևով»,- «Ազատությանն» ասաց Զուրաբյանը:
18-րդ ստորագրությունը, ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանինն է։ Սպասվում է, որ կստորագրի նաև Հրանտ Բագրատյանը։ Վարդան Օսկանյանի ստորագրելուց հետո մեծացավ հավանականությունը, որ նախաձեռնությանը կմիանան նաև խորհրդարանում սահմանադրական նախագծի քվեարկությունը բոյկոտած ԲՀԿ-ական մյուս երեք պատգամավորները՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը։ Վերջինս «Ազատությանը» փոխանցեց, որ թերահավատ է գործընթացի հանդեպ, բայց եթե 26 պատգամավոր ստորագրի, ապա ինքը պատրաստ է լինել 27-րդը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մինչդեռ, պաշտոնապես հայտարարել է, որ նախաձեռնությանը չի միանա: Պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, իրենք հարգում են խմբակցության գործընկերների դիրքորոշումը և չեն բռնանում։ Ընդունում է՝ խախտումներ եղել են, բայց պայքարի այս ձևն արդյունավետ չի համարում։
«Նույն արդյունք չտվող միջոցառումներին նորից միանալ և ինքնանպատակ ուղղակի դիմել՝ դիմելու համար․․․ իմ համար հարիր չի, որովհետև, եթե դու դիմում ես, պիտի ենթադրես, որ շանս կա: Հիմա եթե էդ շանսը չկա արդյունք ստանալու, դիմում ես․․․ ինքնանպատակ ա՞ դիմելը»,- ասաց Մելքումյանը:
Ինչպես վերջինս, հանրապետական և դաշնակցական մի շարք պատգամավորներ ևս ընդունում են, որ խախտումներ եղել են, բայց ստորագրահավաքին չեն միանա: ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ է՝ պատճառը վախն է: «Ի դեպ, ես շատերի հետ խոսել եմ, իրենք անգամ պայքարել են այդ դիմումի տակ ստորագրելու իրենց իրավունքի համար, բայց ստացել են հրահանգ, որ չպետք է անեն, որովհետև կուսակցական որոշում է»,- ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով, դիմումը Սահմանադրական դատարան հասցնելու հարցում որոշիչ է լինելու Դաշնակցության տեսակետը։ Երեկ «Ազատության» հետ զրույցում դաշնակցական Արծվիկ Մինասյանը չէր բացառել, որ կմիանան ստորագրահավաքին, նշելով, սակայն, թե նախ պետք է ուսումնասիրեն ՀԱԿ-ի ունեցած փաստերը։ Զուրաբյանն այսօր ասաց, որ դրանք առաջիկա ժամերին կփոխանցի ՀՅԴ-ին:
«Պարզ է դառնում՝ եթե Դաշնակցությունն իր խոսքի տերն է, որ չի ընդունում ընտրակեղծիքներով անցկացված Սահմանադրություն, ուրեմն ինքն առաջինը պետք է շահագրգիռ լինի, որ այս քննությունը կատարվի»:
Իշխող Հանրապետականում կարծում են, որ հարցը Սահմանադրական դատարան չի հասնի: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, ՀԱԿ-ը պետք է հետևություններ անի այն իրողությունից, թե ինչու չի կարողանում դիմումի համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքել։ «Նրանք ստորագրահավաք պարզապես կազմակերպել են իրենց դեմքը պահելու համար և ուրիշ ելք չունեին»:
Անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման ժամկետը կսպառվի վաղը ժամը 18-ին։ Եթե դիմումը հասնի Սահմանադրական դատարան, ապա փոփոխությունների հեղինակներից Հրայր Թովմասյանի խոսքով՝ դրա քննությանը դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի մասնակցի։ «Գագիկ Հարությունյանը մասնավոր զրույցներում ասել է, որ այդ դեպքում ինքը պարզապես ինքնաբացարկ կներկայացնի»: