Սյունիքի մարզպետի համախոհները Փոստանջյանի պատկերով խրտվիլակ այրեցին

Կապանում այրում են Զարուհի Փոստանջյանի պատկերով խրտվիլակը, 16-ը դեկտեմբերի, 2015թ․

Րաֆֆի Հովհաննիսյանը սյունեցիներին կոչ է անում չվախենալ և համախմբվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Սյունիքում տեղի ունեցած այսօրվա հանրահավաքն անցավ լարված մթնոլորտում։ Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մի խումբ համախոհներ պարբերաբար խոչընդոտում էին ընդդիմադիր գործիչների ելույթները: Տեղացիներից մեկն անգամ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լուսանկարով խրտվիլակ այրեց։

Կրքերն ավելի թեժացան հենց Փոստանջյանի ելույթի ժամանակ։ Ելույթում մարզպետի անվան շոշափումը բարկացրեց մի խումբ երիտասարդների, որոնք սկսեցին աղմկելով պատիվ պահանջել։ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ընթացքում էլ մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը միջամտեց՝ պահանջելով հարգել մարզպետին:

Քիչ վելի ուշ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելու նպատակով հանրահավաքի հրապարակ եկան մարզի մի խումբ մանկավարժներ։ «Ինչքան որ մեր մարզպետն է կանգնած Սյունիքի մարզի թիկունքին, այնքան էլ մենք՝ սյունեցիներս, միշտ կանքգնած ենք լինելու մեր մարզպետի թիկունքին»,-հայտարարեց մանկավարժներից մեկը:

Րաֆֆի Հովհաննիսյանը կապանցիներին կոչ արեց չվախենալ ու համախմբվել «Նոր Հայաստան»-ի առաջ քաշած՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և ժողովրդի վստահության կառավարության կազմավորման՝ իրենց օրակարգի շուրջ։

«Սերժ Սարգսյանը պիտի ազատ արձակվի իր աշխատանքից, որը բռնազավթված աթոռ է, մնացածը ածանցյալ է»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նոր Հայաստան»-ը իշխանափոխության պահանջով մարզային այցելությունները կշարունակի նաև առաջիկա օրերին, իսկ դեկտեմբերի 18-ին հանրահավաք կանցկացնի Երևանում։