Չնայած Զարուհի Փոստանջյանի ստորագրությանը, «Ժառանգություն» կուսակցությունը չի միանա Հայ ազգային կոնգրեսին՝ վիճարկելու հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում:
Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակի ամբիոնից այսօր հայտարարեց, թե Գագիկ Հարությունյանը չի կարող անաչառ քննել դիմումը, քանի որ սահմանադրական փոփոխությունների հեղինակներից է․ - «Ի սկզբանե շահերի բախման մեջ է: «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել: Դրա կարիքը չկա, որովհետև մենք արդեն հատակ ենք հասել: Այո, իրավական պայքար պետք է տանենք, ողջունում ենք ՀԱԿ-ի քայլը, կզորակցենք: Բայց մեր հիմնական աշխատանքը քաղաքացիական է՝ հրապարակում, դիվանագիտական, դեսպանների հետ»:
«Նոր Հայաստան»-ը ողջունում է Միացյալ Նահանգների դեսպանատան երկրորդ՝ ավելի կոշտ հայտարարությունը, որում նաև նախազգուշացում է հնչել․ - «Իհարկե, այդ հայտարարությունը նշանակում է, որ Ամերիկան լրջագույնս մոտենում է հայաստանյան ներքին դրվածքին: Նախապատժամիջոցների մասին է խոսքը: Ես ցանկություն ունեմ, որ մենք այս հարցը լուծենք՝ Սարգսյանի հրաժարականը, անցումային կառավարության կազմավորումը և արտահերթ ընտրությունները՝ առանց օտար միջամտության: Բայց եթե Ամերիկան, Եվրոպան և համանման երկրներ ուշացած ուզում են կիրառել ժողովրդավարական սկզբունքները, միայն կարելի է ողջունել դա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանի և Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ, վաղն այցելելու է Սյունիք: Կապանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանին են սպասելու․ - «Հանցագործություն է կատարել: Անցյալում էլ կատարել է: Եվ ոչ միայն ընտրագողություն: Եվ սա հայաստանյան չափանիշ չէ, սա հերոսություն չէ, մաչո տղամարդկություն չէ: Սա վախկոտություն է․․․ Եվ հերիք է, որ վախկոտը անվախին վախեցնի»:
Շուրջօրյա պայքարը, ամենայն հավանակությամբ, տոնական օրերին կընդհատվի: Առայժմ, սակայն, «Նոր Հայաստան»-ը պատրաստվում է ուրբաթօրյա հանրահավաքին․ - «Կտոնենք Նոր տարին, իհարկե: Որովհետև այդ նոր տարում պիտի ունենանք նոր Հայաստանը: Բայց, իհարկե, մի քանի օրվա գոնե ընդմիջում պիտի անենք, որ ամեն մեկը իր ընտանիքի հետ անցկացնի այդ շատ կարևոր և ավանդական տոնը»: