Չնայած անցյալ շաբաթվա հաղթարշավին՝ Ֆրանսիայում տարիներ շարունակ ազգայնականի հեղինակություն վայելող Մարին Լը Պենի կուսակցությունը ձախողվել է երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում:
Նման արդյունքն անսպասելի են համարում ֆրանսիացի վերլուծաբանները: Անցյալ շաբաթ` ընտրությունների առաջին փուլում, ֆրանսիացի ազգայնականներն ակնհայտ առավելությամբ հաղթանակ էին տարել: Ֆրանսիան ծայրահեղ իսլամիստներից զերծ պահելու հարցում յուրօրինակ հայացքներով հայտնի Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությունն անցյալ շաբաթ հաղթել էր 13 ընտրատարածքներից վեցում, իսկ երեկ՝ պարտվել բոլոր տեղամասերում:
Երկրորդ փուլից առաջ մի շարք շրջաններում առաջադրված՝ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցության թեկնածուները նախընտրեցին ինքնաբացարկ հայտնել` իրենց կողմնակիցներին կոչ անելով քվեարկել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուների օգտին:
Պարտությունից հետո Մարին Լը Պենը չի վարանել հայտարարել, որ «Ազգային ճակատն» առաջին կուսակցությունն է Ֆրանսիայում:
«Հիմա մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք, եռապատկելով տարածքային մարմիններում խորհրդականների թիվը, կլինենք հիմնական ընդդիմադիր ուժը Ֆրանսիայի մի շարք տարածքներում», - ասել է նա:
Մարին լը Պենի զարմուհին՝ Մարիոն Մարեշալ Լը Պենը, որը ձախողվել է Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր նահանգում, աջակիցներին հորդորել է չհիասթափվել: «Մենք կկրկնապատկենք մեր ուժերը»,- հայտարարել է 26-ամյա թեկնածուն:
Ֆրանսիական մամուլը գրում է, որ չնայած պարտությանը՝ «Ազգային ճակատը» գրանցել է ռեկորդ. նրանց օգտին քվեարկել է 6 միլիոն 800 հազար ընտրող, 2012-ի նախագահի ընտրությունների ժամանակ Լը Պենի օգտին քվեները 200 հազարով պակաս էին: Ֆրանսիական մամուլը նկատում է, որ երեկվա ընտրություններին մասնակցողների թիվը 2012-ի համեմատ նվազ է եղել 20 տոկոսով:
Նախորդ տարիներին «Ազգային ճակատը» տեղական ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տանում: Վերջին քվեարկությունը Լը Պենի համար կարևոր էր 2017 թվականի նախագահի ընտրություններին մասնակցելու համար:
Նախկին նախագահ Սարկոզիի կուսակցությունը 13 ընտրատարածքներից 7-ում հաղթանակ է տարել՝ ապահովելով մեծամասնություն:
Մարին Լը Պենի կողմնակիցների մեկնաբանությամբ, այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ֆրանսիայում, «քաղաքական մանևր էր»: