Պրեմիերաներ Համազգային և Կամերային թատրոններում

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը, որտեղ գործում է նաև Համազգային թատրոնը

Երկու պրեմիերաներն էլ անցան լեփ-լեցուն դահլիճում։

Անցյալ շաբաթավերջին թատերական երկու առաջնախաղեր՝ պրեմիերաներ տեղի ունեցան, և նույն օրը՝ դեկտեմբերի 11-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացվեց «Դիլեմա» խորագրով պարային բեմադրությունը, իսկ Կամերային պետական երաժշտական թատրոնում ներկայացվեց «Հայրեններ» խորագրով պարային բեմադրությունը։ Ուշագրավ է, որ երկու թատրոններում էլ ներկայացումների առաջնախաղն անցկացվեց լեփ-լեցուն դահլիճում։

Համազգայինն արդեն որերորդ տարին է սպասում է, թե, ի վերջո, երբ կունենա սեփական տանիքը։ Թատերախումբը գործում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճում, իսկ ճեմասրահում տեղադրված են արկղեր, որտեղ արվեստասերներն ու արվեստագետները ցանկության դեպքում կարող են իրենց համեստ ներդրումն ունենալ թատրոնի շենքի կառուցման գործում։

Զարմանալի է, որ ահա այս տարին էլ ավարտվում է, ու կրկին Համազգային թատրոնի շենքի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Տարիներ շարունակ շենքի կառուցման համար համապատասխան վայր չէր գտնվում, հետո էլ ահա պետությունն այդքան գումար չունի, որ սկսի թատրոնի շենքի կառուցումը։ Նույն վիճակում են նաև Մնջախաղի թատրոնն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատակազմը։

Իսկ ահա Գավառ քաղաքի Դրամատիկական թատրոնի թատերախմբի համար այս տարին բարենպաստ էր, որովհետև սկսվել են թատրոնի շենքի կառուցման աշխատանքները։

Այստեղ՝ Երևանում էլ տարիներ առաջ «Լինսի» հիմնադրամի շնորհիվ բազմաթիվ թատրոններ ու թանգարաններ, համերգասրահներ հիմնանորոգվեցին։ Բայց ահա կրկին հասել է եթե չասենք հիմնանորոգման, ապա գոնե տեխնիկապես ժամանակակից սարքավորումներով վերազինելու ժամանակը։

Եվ ահա այս սեպտեմբերից, Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ և յոթ միլիոն եվրո վարկային ֆինանսավորմամբ, տեխնիկական վերազինման ծրագիր է իրականացվում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այս ծրագրի շրջանակներում կներդրվեն ամենաժամանակակից լուսային, տեսաձայնային, բեմի կառավարման և այլ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հանդիսատեսին որակապես բոլորովին այլ ներկայացումների ականատեսն ու ունկնդիրը լինել։

Այս աշխատանքներն իրականացնում է ավստրիական այն նույն ընկերությունը, որն անցյալ տարի հաջողությամբ իրականացրեց Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նման ծրագիր։ Ճիշտ է, մոտ մեկ տարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ստիպված հանդես եկավ Օպերային թատրոնի բեմահարթակում, բայց այս տարվա իր հերթական համերգաշրջանը սեպտեմբերից սկսեց արդեն վերանորոգված դահլիճում։

Հիմա էլ սունդուկյանցիները Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում են հյուրընկալվել իրենց ներկայացումներով սեպտեմբեր ամսից, բայց թերևս հաջորդ թատերաշրջանն իրենց հանդիսատեսի հետ միասին կսկսեն նոր վերանորոգված և վերազինված թատրոնում։

Այս տարի Հայաստանի պետական կամերային երաժշտական թատրոնն էլ նոր վերանորոգված շենքում է սկսել թատերաշրջանը, բայց, ինչպես ասաց թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում, թատրոնը չի դադարեցրել աշխատանքը վերանորոգման ընթացքում։

«Ծրագրերի մեջ ուրախությամբ կարող եմ շեշտել, որ մենք տարին դեռևս չենք ավարտել, բայց մեր բոլոր պլանները պետության առջև կատարել ենք՝ և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական։ Ֆինանսական առումով ստանձնած պարտավորությունը լիովին կատարել ենք, ընդ որում՝ երեք ամիս չենք աշխատել։ Թեպետ, չգիտեմ, բողոքում են, թե մեր հանդիսատեսի վիճակը վատ է, բայց եթե ճիշտ աշխատանք է տարվում, ըստ իս, իրենք գալիս են՝ գալիս են սիրով և շնորհակալությամբ էլ գնում են։ Նոր ներկայացմամբ նաև հանդես կգանք», - ասաց Գրիգորյանը։