Հովհաննես Սահակյան. Արժանահավատ հաղորդումները ավելի քիչ են

Իշխանությունները բացարձակապես կտրվել են իրականությունից, հակադարձում է Լևոն Զուրաբյանը:

«Խոսվում է արժանահավատ, լիարժեք քննության մասին, այսինքն՝ իրենք էլ են հասկացել և ֆիքսել, որ արժանահավատ հաղորդումները, փաստերը մի փոքր այլ բնույթ են կրում և մի փոքր ավելի քիչ են, քան թե ֆոն ստեղծելու, տպավորություն ստեղծելու այն հաղորդումները, որոնք այդ երեկոյան կարծես թե ամբողջ ինտերնետը ողողել էին»։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ արձագանքելով Պետդեպարտամենտի հայտարարությանը։

Հիշեցնենք, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին մտահոգություն է հայտնել Հայաստանում հանրաքվեի օրը ընտրական խախտումների վերաբերյալ և կոչ արել «լիարժեքորեն հետաքննել խախտումների մասին բոլոր արժանահավատ հաղորդումները՝ ապահովելու հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը»։

Սահակյանի հավաստմամբ՝ իշխանությունների համար այս պահին ամենակարևորն է, որպեսզի բոլոր կեղծիքները բացահայտվեն՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

«Տեսե՛ք, ես չեմ ուզում էս պահին որևէ բան մեկնաբանել, խոսել էդ տեսաձայնագրությունների հետ կապված՝ հատկապես մութ սենյակում ինչ-որ մեկը նստած և հենց էդ պահին նկարահանում են և ինքն էլ չի տեսնում, չեմ ուզում սա էլ դիտավորությունների կանխավ շարքին դասել, բայց նմանատիպ դեպքերը շատ արագ կբացահայտվեն, որովհետև կոնկրետ փաստ կա, էդ կարճ ժամանակահատվածում ոչ մեկը չէր կարող հաշվել՝ որքան դրեց ու որքան վերցրեց։ Ես կոչ եմ անում և նաև վստահ եմ, որ քննությունը կլինի անաչառ, բազմակողմանի, որովհետև կոնկրետ մենք որևէ մեկին պաշտպանելու, թաքցնելու ոչ մտադրություն ունենք, ոչ էլ հրահանգ տվել ենք, որպեսզի հետ նաև պահենք։ Իսկ այն բոլոր քաղաքացիները, մասնակիցները, ովքեր որոշակի դիտավորություն են ունեցել, պետք է իրենց հոգու խորքում հասկանան, որ դա շատ վատ արարք է՝ հանդեպ ժողովրդի ու այն գործընթացի, որը մենք սկսել ենք և սկսել ենք օրենքի տառին, ոգուն համապատասխան», - ասաց ՀՀԿ պատգամավորը։

Սահակյանի դիտարկմանը, թե ընդդիմությունն ամեն ինչ արեց, որպեսզի սևացնի այդ ընտրությունները, Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. - «Սա բարբաջանք ասեմ, թե ինչ։ Այս պնդումները ցույց են տալիս, որ իշխանությունները բացարձակապես կտրվել են իրականությունից։ Բողոքում է նոր տեխնոլոգիաներից, տեխնիկական պայմաններից։ Իհարկե կբողոքի, որովհետև իրենց համար պրոբլեմ է, որ տեխնոլոգիաների զարգացմամբ, ինտերնետի զարգացմամբ, եթե բոլորի մոտ կան ձայնագրելու, տեսագրելու միջոցներ, նրանք շվարած են։ Պարզվում է՝ իրենք կարող են դնել բռնաբարել մի ազգի կամարտահայտությունը, և ինչ-որ մարդիկ դրանք նկարում են և ներկայացնում են հասարակությանը՝ «փիս» մարդիկ, որոնք ուզում են «սևացնել» իրենց գործը, սա ծիծաղելի է»։

Զուրաբյանը նշեց, որ անկախ մասնագետներ, փորձագետներ վերլուծել են հանրաքվեի արդյունքներն ու հրապարակել, որ «485 հազար ձայնի մասնակցությունը կեղծվել է»:

«Կորելացիաների ուսումնասիրությամբ ցույց է տրվել, որ ոչ միայն մասնակցությունն է ավելացվել, այլ եթե այդ «այո»-ների մասնակցությունը՝ հավելյալ, փչած, ստեղծագործած, հանում ես, միևնույն է՝ ստացվում է, որ «ոչ»-ից էլ դեռ գողացել են ձայները։ Այսինքն՝ մի հատ էլ պետք է վերադարձնես «ոչ»-ի ձայները, և ստացվում է, որ իրական տվյալները հետևյալն են՝ 825 հազար մասնակցություն, որոնցից 575 հազար մարդ քվեարկել է «ոչ» և 250 հազար մարդ ընդամենը՝ «այո»։ Սա նշանակում է, որ վճռական առավելությամբ «ոչ»-ը հաղթել է, ժողովուրդն իր կամքը արտահայտել է, մերժել է այս Սահմանադրությունը, և գլխիվայր արդյունքը շուռ են տվել և ցույց են տալիս ֆանտաստիկ թվեր, որոնք հակասում են Հայաստանի ժողովրդագրական տվյալներին անգամ», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 13-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․