Նոր մարզիչը որոշ ֆուտբոլիստների հավաքական չի հրավիրի

Վարուժան Սուքիասյանը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ անդամներ նոր մարզչի՝ Վարուժան Սուքիասյանի օրոք կզրկվեն դաշտ դուրս գալու հնարավորությունից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ինքը՝ նորանշանակ մարզիչն՝ ընդգծելով, որ հավաքական հրավիրելու է միայն ազգասեր, խաղին նվիրվող ֆուտբոլիստների:

«Մենք լավ խաղեր էլ ենք խաղացել, լավ հավաքական ունենք, ուղղակի պետք է տղաներին մի փոքր այս վիճակից հանել և որոշակի սերնդափոխություն կատարել, նոր լիցք հաղորդել մեր հավաքականին: Մենք պետք է ստեղծագործ, համարձակ, ագրեսիվ ֆուտբոլ խաղանք: Մենք ունենք այդ ֆուտբոլիստները», - ասաց Վարուժան Սուքիասյանը:

Նոր ֆուտբոլիստների Սուքիասյանը հույս ունի գտնել հիմնականում երկրի ներսում՝ Հայաստանի ակումբներում: Նա նաև պնդում է՝ սերնդափոխություն է անելու, թեև այս պահին հավաքականի հիմնական խաղացողների տարիքը չի անցնում 30-ից:

Նշանակումից երկու օր անց «Ազատությանը» տված հարցազրույցում հավաքականի նոր մարզիչը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք ինքն էլ է կարծում, որ Հայաստան-Ալբանիա խաղում դավաճանություն է տեղի ունեցել, ինչպես հայտարարել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Էն ֆուտբոլը չխաղաց հավաքականը էլի․․․ Որպես մարզիչ ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել: Ես նոր եմ հավաքականը ընդունում և ցանկանում եմ լավ հավաքական ունենանք և ֆուտբոլասերներին բերենք դաշտ: Ես ինքս մաքսիմալիստ եմ և կարողանում եմ թիմը պատրաստել այն վիճակի, որպեսզի տղաների մոտ լավ մթնոլորտ լինի: Եթե այսքան փորձս, այսքան գիտելիքներս պետք է չկարողանամ ներդնել մեր հավաքականի համար, ինչ ասեմ․․․», - նշեց Սուքիասյանը:

Ֆուտբոլի հավաքականն արդեն մեկ անգամ՝ 15 տարի առաջ գլխավորած Վարուժան Սուքիասյանը նշեց, որ համատեղելու է աշխատանքը «Արարատ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հետ: Սակայն կհրաժարվի մյուսից՝ գերեզմանների համար տարածքներ հատկացնող Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի պարտականություններից, որն իրականացնում էր արդեն 5 տարի:

Պնդում է՝ չնայած դրան, իր մարզչական փորձառությունը չի կորցրել․ - «Ֆուտբոլի մեջ եմ եղել: Ես «Ալաշկերտ»-ի փոխնախագահն եմ եղել, այնպես որ անհոգ եղեք: Եթե ես եկա, «Արարատ»-ը այդ աստիճանից բարձրացրեցի [մինչև երրորդ տեղ], պետք է գնանք ավելի բարձր [հավաքականի հետ էլ]»:

Ավելի քան 25 տարի Հայաստանում ֆուտբոլային տարբեր ակումբներում աշխատած Սուքիասյանն ընդունում է՝ հավաքականի ղեկը ստանձնում է շատ բարդ շրջանում, երբ ակնհայտ են հակասությունները Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու հավաքականի անդամների միջև, երկրպագուներն էլ պահանջում են արտասահմանցի մարզիչ, որը կկարողանա անկաշկանդ աշխատել ու հավաքական հրավիրել արժանի ֆուտբոլիստների: Սուքիասյանն իր հերթին վստահեցնում է՝ հավաքականին առնչվող որոշումներն ինքնուրույն է կայացնելու:

«Ազնվորեն եմ ասում՝ որ օրը նման շշուկ անգամ լսեք, ես հրաժարական կտամ, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ինքը․․․ Նման անգամ մի նախադասություն նա [ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը] ինձ չի ասել: Ես սիրում եմ, որ ես աշխատեմ առանձին․ ինձ խանգարող չլինի, ինձ խորհուրդներ չտան: Իմ խորհուրդները պետք է լինեն միայն իմ մարզչական շտաբից», - ընդգծեց Վարուժան Սուքիասյանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը, որ շաբաթներ առաջ բողոքի ցույցեր էր անցկացնում Երևանում, նոր նշանակումն առայժմ չի ողջունում: Շարժման անդամ Սերգեյ Ջանջոյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց՝ Ֆեդերացիայի նախագահը հրաժարական չի տվել, օտարերկրյա մարզիչ չի հրավիրվել:

«Նշանակվեց հայ մարզիչ, հայ մասնագետ, որը, մեր կարծիքով, հայ մասնագետներից լավագույններից է՝ տեղի, Հայաստանում աշխատող: Ամեն դեպքում, մի քիչ դժվար է հավատալ: Ես շատ կցանկանամ, որ այդպես լինի, և մենք ժամանակի ընթացքում համոզվենք, որ Վարուժան Սուքիասյանը անկախ գործունեություն է վարում, սակայն փորձը ցույց է տալիս, որ դժվար է նման բանի հավատալ», - նշեց երկրպագուն: