Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության նստացույցը շարունակվելու է՝ վերափոխվելով շուրջօրյա հերթապահության:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօրվա հանրահավաքում ներկայացնելով իրենց հետագա անելիքները, ասաց, որ նման որոշման պատճառը Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու՝ իշխանությունների արգելքն է․ նստացույցի միջոցով հնարավոր չէ դիմակայել ցրտին:
Հաջորդ ողջ շաբաթ շարունակվելու են ամենօրյա հավաքները, տարբեր միջոցառումներ տեղի կունենան, հանդիպում մտավորականների հետ, փորձելու են ձևավորել այլընտրանքային կառավարություն:
Բացի այդ, ինչպես 2013-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ, այս անգամ էլ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է շրջել մարզերով: Հաջորդ շաբաթ կլինեն Շիրակում, Կոտայքի մարզում, իսկ առաջին կանգառը կլինի Սյունիքը: Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ դիմեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին․ - «Առաջին դուռը, որ պիտի թակենք, դա պետական հանցագործ, ընտրագող, ժողովրդին ստրկացնող, Լիսկա մականունով մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտ: Մի քանի տարի առաջ նա ինձ սպառնաց, ասաց՝ եթե դու հասնես իմ դուռը, իմ քաղաքը, այդ նույն քաղաքը, որտեղ ժողովուրդը անգամ կեղծված արդյունքներով հաղթանակ տվեց Հայաստանի իրավունքի փոփոխության ապագային, ինքը սպառնաց, որ իմ գլուխը պիտի ջարդի, որովհետև ինքը իրեն խառնում է՝ հանցագործ մարդը՝ իրական հերոսների հետ: Դու՝ Սուրեն Խաչատրյան, ինձ հետ գործ ունես և հայ ժողովրդի հետ, և դու պատասխան պիտի տաս: Դե արի՝ գլուխս ջարդի»:
«Նոր Հայաստանի» հաջորդ երևանյան հանրահավաքը տեղի կունենա առաջիկա ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին: Ավելի ուշ՝ «Ազատության» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չհստակեցրեց՝ այդ օրը նստացույցը կավարտվի, թե՝ ոչ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմադիրները ստիպված են հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ նախատոնական օրեր են սկսվում:
Հանրահավաքից հետո մասնակիցները անցան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտով և վերադարձան Ազատության հրապարակ: Երթի ընթացքում «Նոր Հայաստանի» առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հնչեցրած իր կարգախոսը՝ «Նոր տարին՝ առանց Սերժ Սարգսյանի», ուժի մեջ է, միաժամանակ հավելելով, որ «Նոր տարի» ասելով նկատի է ունեցել ոչ թե տոնական օրերը, այլ 2016 թվականը: Ինչ վերաբերում է ավելի վաղ հռչակած՝ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսին, ապա Սեֆիլյանն ասաց, որ այն ևս ուժի մեջ է և դրա ականատեսը կլինենք մինչև եկող տարվա ապրիլի 24-ը:
Իշխանություններն արդեն հայտարարում են, որ ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժումը միտումնավոր ձգձգում է պայքարը, որպեսզի հասնի 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Այս առնչությամբ Ժիրայր Սեֆիլյանը ասաց, թե բացառում է մասնակցությունը որևէ տեսակի ընտրությունների:
«Չենք մասնակցելու: 2016 թվին մեզ հաջողվելու է ձերբազատվել այս ռեժիմից, կլինի անցումային ժամանակաշրջան և նախապատրաստում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների», - հավելեց Սեֆիլյանը:
Ի դեպ՝ այսօրվա հանրահավաքի մեկնարկին Ազատության հրապարակի ասֆալտին էին հայտնվել թղթե վրաններ ի նշան բողոքի, քանի որ Ոստիկանությունը 11 օր շարունակ այդպես էլ թույլ չտվեց վրաններ բացել, քանի որ Մշակույթի նախարարությունը հայտարարել է, թե վրանների տեղադրումը կարող է վնասել հրապարակի հուշարձանները, Երևանի քաղաքապետարանն էլ այս հիմքով արգելում է դրանց տեղադրումը: