Այսօր կեսօրին ավարտվեց ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի համար սահմանված ժամկետը։ Ընդդիմության պահանջած՝ տասնյակից ավելի պարկեր այդպես էլ չբացվեցին: Երեք օրերի ընթացքում հանձնաժողովներում հիմնականում քննվեց հաղթանակած «այո»-ի ուժերի ներկայացրած՝ եռակի մեծաթիվ դիմումները։
Ամենաթեժ վերահաշվարկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցավ, որտեղ թեև ՀԱԿ-ը չէր պահանջել, սակայն քվեաթերթիկների պարկը բացվելուն պես կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց՝ արձնագրությունը կեղծվել է, ստորագրությունն էլ իրենը չէ: «Սա նույնիսկ ստորագրություն չի, խոշորացրեք նայեք»:
ԿԸՀ-ի փաստաթղթերով, այս տեղամասում «այո»-ն մոտ երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, մինչդեռ, ՀԱԿ-ի ներկայացուցչի պնդմամբ, հանրաքվեի ավարտից հետո կազմված արձանագրությամբ հաղթել էր «ոչ»-ը, ինչի տակ ստորագրել էին հանձնաժողովի մյուս անդամները: «426 ձայն «ոչ»-ին է տրվել, 156 ձայն՝ «այո»-ին, 71 ձայն էլ անվավեր է եղել, հիմա լրիվ հակառակ արձանագրությունն ա հասել ԿԸՀ, և ԿԸՀ-ի սայթում գրած ա նոր արձանագրության թվերը»,- պատմեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Հանձնաժողովի նախագահն ու նրա հանրապետական տեղակալը, մինչդեռ, պատասխանեցին, թե ընդդիմության ցույց տված արձանագրության տակ իրենք սխալմամբ են «ոչ»-ի օգտին հաղթանակ գրանցել, հետո էլ «թյուրիմացաբար» ստորագրել են։