Լուսանկարիչ, լրագրող Անի Գևորգյանը 6 տարի շարունակ տանից դուրս է գալիս տեսախցիկը կաշվով ձեռքին փաթաթած՝ «որ բախումների ժամանակ չկարողանան խլել»:
«Տեսախցիկը իմ ընկերն ա, որը ինձ օգնում ա ավելի պաշտպանված լինել, պաշտպանել և որպես փաստ ներկայացնել էն, ինչ տեղի ա ունենում իմ աչքի առաջ», - ասում է նա:
Անցած տարի հունվարին՝ ընդդիմության ու ոստիկանության բախումները լուսանկարելիս, բաժին է տարվել: Շուրջ 1.5 տարի պայքարել է դատական բոլոր ատյաններում, սակայն այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ բաժանմունքում ոստիկանները խլել են իր տեսախցիկը, բաժնի պետն էլ՝ հարվածել է դեմքին:
«Էդ ընթացքում, երբ որ ես խոսում էի լրագրողներից մեկի հետ, ներս մտավ Արտակ Պողոսյանը՝ Կենտրոնի ոստիկանապետը, բղավեց, թե՝ ո՞վ է թողել, որ նա հեռախոսով խոսա, ձեռքով հարվածեց այտիս, խլեց հեռախոս ու հրահանգեց, որ հեռախոսը առգրավեն», - պատմում է Գևորգյանը՝ շարունակելով․ - «Սուտ են այն խոսակցությունները, թե կին լրագրողների նկատմամբ վերաբերմունքը ավելի մեղմ է, քան տղամարդ: Նման բան գոյություն չունի»:
27-ամյա աղջիկը 5 տարի առաջ անգամ ճաղերի հետևում է հայտնվել՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար: Գործն, ի վերջո, կարճվել է, բայց անազատության մեջ անցկացրած ժամերը տարիներ անց էլ չի մոռացել և դուրս է եկել է՛լ ավելի կոփված:
«Արթնացա էդ տարեց ոստիկանի թակոցից, երբ որ նա ինձ թեյ էր բերել: Ես հիշում եմ էդ թեյի համը․․․ շատ տհաճ, ինչ-որ՝ ժանգահամ ունեցող թեյ էր, բայց շատ քաղցր էր, ու էդ ծանր գիշերվանից հետո ինձ թվաց, որ դա ամենահամեղ թեյն ա, որ ես երբևէ խմել եմ: Իրավունքների և պարտականությունների ցուցանակը ամրացված էր պատին․ ես այդ ժապավենը հանեցի, դրանով իմ մազերը փաթաթեցի, հետո հասկացա, որ ցանկացած իրավիճակում կարելի է հարմարություններ գտնել», - հիշում է լրագրողը:
Իր ու գործընկերների իրավունքների համար շատ է պայքարել, մեղավորներին պատժելու բազմաթիվ խոստումներ ու հայտարարություններ է լսել, բայց ասում է՝ դրանցից որևէ մեկն այդպես էլ իրականություն չի դարձել: Հայաստանյան դատարաններում հաջողության չհասնելով՝ Անին հիմա էլ դիմել ստրասբուրգյան դատարան, առայժմ չգիտի՝ քննության կառնի՞ եվրոպական դատարանն իր դիմումը, թե ոչ, բայց վստահ է՝ տեսախցիկով մի օր հասնելու է նրան, որ ընդդիմադիր լրագրողը Հայաստանում ապահով աշխատի:
«Լրագրողների նկատմամբ քրեական գործերի նման արհամարհական վերաբերմունքը դա հենց արհամարհական վերաբերմունք է առաջին հերթին հենց սեփական հասարակության նկատմամբ», - ասում է Անի Գևորգյանը: