Քվեաթերթիկների բացված պարկից բացակայել է արձանագրությունը

Ընդդիմության պահանջած տասնյակ «կասկածելի» պարկեր հավանաբար այդպես էլ չեն բացվի։

Թիվ 4 ընտրատարածքում ՀԱԿ-ի պահանջած վերահաշվարկն այսօր սկսվեց ուշացումով, հանձնաժողովի նախագահը երկու ժամից ավելի փորձում էր ապահովել անդամների ներկայությունը: Քվեաթերթիկների պարկը բացելուց հետո պարզվեց, որ արդյունքների մասին արձանագրությունը բացակայում է:

Տեղամասային հանձնաժողովի հանրապետական նախագահը նախ պնդեց, որ ինքը արձանագրությունը դրել է պարկի մեջ, սակայն, քիչ անց, բոլոր ծրարները բացելուց հետո մտափոխվեց և ասաց, թե չի հիշում ինչ է արել: Կնքված պարկում ծրարներից մեկը պատռված էր, իսկ որոշներն էլ լավ չէին սոսնձված։ Այդ ամենով հանդերձ՝ վերահաշվարկի վերջնական արդյունքը համապատասխանեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի մոտ եղած թվերին:

Ի դեպ, մինչ ՀԱԿ-ի պահանջած և ուշացումով սկսված այս վերահաշվարկը, տարածքային հանձնաժողովը ԿԸՀ-ի պահանջով մեկ այլ պարկ էր բացել: Դրանում արձանագրությունն առկա էր, սակայն, փաստաթղթի վրա որևէ նշում չկար հատուկ կարծիքի վերաբերյալ, ինչը պարտադիր է վերահաշվարկ պահանջելու համար։ Տարածքային հանձնաժողովի նախագահը պնդեց, որ իր մոտ եղած օրինակում այն առկա է:

Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող այս ընտրատարածքում նմանատիպ մի դեպք էլ արձանագրվել էր երեկ: Ընդդիմադիրները պնդել էին, որ հատուկ կարծիքի գրառումը հետո է ավելացվել, դիմումներն էլ արհեստականորեն են բերվել՝ որպեսզի սահմանված ժամկետի ընթացքում հերթն իրենց դիմումներին չհասնի։ Հանրաքվեի օրն ահազանգերով աչքի ընկած այս վարչական շրջանը վերահաշվարկի 21 դիմում է ստացել, առայժմ քննվել է միայն 7-ը: ՀԱԿ-ը դեռ երկու տեղամասի վերահաշվարկի է սպասում:

Ընդդիմության պահանջած երկու պարկ էլ հավանաբար չի բացվի Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքում։ Հանձնաժողովն այստեղ այսօր հասցրեց քննել ՀԱԿ-ի պահանջած տեղամասերից միայն մեկի արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը: Վերահաշվարկի արդյունքում, սակայն, քվեաթերթիկների թվի ընդամենը մեկ տարբերություն արձանագրվեց, հանձնաժողովի նախագահն էլ շտապեց հայտարարել՝ տարբերությունն աննշան է, անվավեր ճանաչելու համար լրացուցիչ փաստեր են հարկավոր։

Վերահաշվարկները կավարտվեն վաղը ժամը 14։00-ին: Ընտրական հանձնաժողովներում, սակայն, ընդդիմության պահանջած դեռ տասնյակ պարկեր կան, որոնք հավանաբար այդպես էլ չեն բացվի։