Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նիստը կկայանա մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 18-ին: Նիստը կկազմակերպվի արտագնա՝ ռուսական 102-րդ բազայում: Այդ հանգամանքն արդեն իսկ մտահոգել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին և իրավապաշտպաններին, որոնք օգոստոսին, նույն վայում ու նույն պայմաններում, ներկա են գտնվել ռուսական կողմի հարուցած գործի շրջանակում տեղի ունեցած դատավարությանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյան. - «Ուղղակի անհնար է նման պայմաններում դատական նիստ անցկացնել: Մենք, իհարկե, համապատասխան միջնորդությամբ հանդես կգանք, որպեսզի նորմալ պայմաններ ապահովվի: Խոսքն այն մասին է, որ նախ՝ շատ փոքր է դահլիճը և հնարավոր չէ ապահովել նորմալ դռնբաց դատական նիստ»:
Չնայած և՛ հայկակական, և ռուսական կողմի բազմաթիվ հավաստիացումներին, թե Պերմյակովի դատավարությունը կլինի հրապարակային, ակնհայտ է, որ ռուսական ռազմաբազայում անցկացվելիք նիստերին ոչ բոլորը կկարողանան մասնակցել: Անգամ լրագրողները պետք է հավատարմագրման հատուկ ընթացակարգ անցնեն:
Այս ամենի հետ կապված, պաշտոնական որևէ բացատրություն չի հնչել, և փաստաբան Լուսինե Սահակյանը միայն ենթադրություն է անում՝ փորձելով կռահել պատճառները: «Միգուցե կապված է Պերմյակովի անվտանգության ապահովման հետ, նաև՝ ռուսական կողմը ցանկանում է, որ դատավարությունն ամբողջությամբ տեղի ունենա իր իրավասության տարածքում, որպեսզի որևէ խնդիր չլինի: Գուցե այս բոլորը՝ կոմպլեքս, հանգեցրել է նրան, որ դատը ռազմաբազայի տարածքում անցկացնելու որոշում կայացվի»,- «Ազատության» հետ զրուցում ասաց Լուսինե Սահակյանը:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ, յոթ գյումրեցու սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունը ռուսական ռազմաբազայում անցկացնելով՝ իշխանությունները հաշվի չեն առել հնարավոր վտանգները: Նա չբացառեց, որ գյումրեցիները կհավաքվեն ռազմաբազայի մոտ և բաց դատ կպահանջեն:
«Իշխանությունը պիտի քթի ծակ ունենա, շրջահայաց լինի, որ սա թույլ չտա: Այն իմաստով թույլ չտա, որ պիտի իսկապես բաց դատի կանոնները պահպանվեն: Որպես ի՞նչ պիտի Հայաստանի Հանրապետության դատավորը գնա ռուսական զորամասի դատարանում դատական նիստ վարի, եթե գործը փոխանցվել է հայկական կողմին: Եթե գործը փոխանցվել է հայկական կողմին, որպես ի՞նչ մեղադրյալը պիտի գտնվի օտար երկրի կալանատանը, որպես ի՞նչ պիտի քաղաքացիների մուտքն այդ դատական նիստին սահմանափակվի: Սա լրացուցիչ սրելու է մարդկանց վերաբերմունքն այս գործի նկատմամբ, և կարող է բերել ինչ-ինչ բախումների կամ սրացումների»,- շարունակեց Բարսեղյանը:
Նա նաև նշեց, որ դատավարությունը ռազմաբազայում անցկացնելը կկաշկանդի դատավորին: «Դատավորն ազատ չի լինի՝ արդարադատություն իրականացնել նույնիսկ այն դեպքում, եթե դատը տեղի ունենար հայաստանյան դատարանի շենքում, որովհետև սա քաղաքական կշիռ ունեցող, շատ լուրջ արձագանքների բերող գործ է»:
Նիստը ռազմաբազայում անցկացնելու որոշումից դժգոհ են նաև լրագրողները: «Առավոտ» թերթի Շիրակի մարզային թղթակից Նունե Արևշատյանը, հիշելով ռազմաբազայում տեղի ունեցած նախորդ նիստը, պատմեց, որ հնարավոր չի եղել օպերատիվ ու լիարժեք լուսաբանել: «Անցած անգամ մենք ականատես եղանք, թե ինչպես խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը, հեռախոսները հավաքեցին, տեխնիկան թույլ չտվեցին: Բացի դրանից շատ փոքր տարածք է, մոտ՝ 50 քմ, ակուստիկա չկա, լսել ընդհանրապես հնարավոր չէր: Բոլոր լրատվամիջոցները իրենց նկարահանող խմբերով գալիս էին, կուտակում էր տեղի ունենում, ու ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է այնտեղ լիարժեք աշխատել»,- ասաց լրագրողը:
Դեռևս պարզ չէ, թե բազայի տարածքում նիստի մասնակիցների մուտքն ինչ կարգով է ապահովվելու: Առավել անորոշ է հարցը՝ կթույլատրվի՞ արդյոք շարքային գյումրեցիներին դատարանի դահլիճում հետևել նիստին: