Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին, դեկտեմբերի 8-ի բրիֆինգում պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգված չե՞ն Հայաստանի սահմանադրական հանրաքվեի բազմաթիվ խախտումների հաղորդագրությունների կապակցությանբ, ասել է. - «Մենք մտահոգված ենք ընտրական խախտումների վերաբերյալ պնդումներով, որոնց մասին հաղորդել են անկուսակցական դիտորդները, ինչպես նաև Հայաստանի քաղաքական տարբեր կուսակցություններ»:
«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում լիարժեքորեն հետաքննել խախտումների մասին բոլոր արժանահավատ հաղորդումները՝ ապահովելու հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Շարունակելով՝ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ այս խնդիրները, որոնք նույնատիպ են, ինչ նախորդ ընտրություններում նշել են ԵԱՀԿ-ի դիտորդները, պետք է հաշվի առնվեն Ընտրական նոր օրենսգրքում, որպեսզի Հայաստանի ժողովուրդը ապագա ընտրությունները ընդունի որպես արժանահավատ, լեգիտիմ և հավատա, որ քվեարկության արդյունքը համապատասխանում է իրենց կամարտահայտությանը։
Պետդեպարտամենտը ընդհանուր առմամբ ողջունել է հանրաքվեի խաղաղ անցկացումը: «Մենք ողջունում ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն խաղաղ անցկացնելու համար, որը կայացավ հանրային ակտիվ քննարկումներից հետո»,- ասել է Քըրբին: