Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, թե դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:
Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ.
1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ առնվազն 100 միլիոն ամերիկացի տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին:
2. Ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ այժմ կատարվող իրադարձությունների մասին, ուր մնաց թե մի ցեղասպանության, որ տեղի է ունեցել մի հեռավոր երկրում մեկ դար առաջ:
Այս շաբաթ կցանկանայի ներկայացնել մեկ այլ կարևոր հարցախույզի արդյունքները, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլ»-ի (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամանակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31 հազար 172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ:
Ստորև ներկայացված են կարևոր հատվածներ 164-էջանոց միջազգային հարցումից, որը հրապարակվել էր ֆրանսերեն.
- Միջին հաշվով, 31 երկրներում հարցվածների 90 տոկոսը ընդունել է, որ հրեական Հոլոքոսթը ցեղասպանություն էր, իսկ 77 տոկոսը համարել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը թուրքական կառավարության կողմից ևս ցեղասպանություն էր: Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ 100 տարի անց այդ բարբարոսական ոճրագործությունների մասին հիշողությունները շարունակում են վառ մնալ աշխարհի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
- Հայոց ցեղասպանության մասին տեղյակ անձանց տոկոսն ավելի բարձր է եվրոպացիների մոտ (86 տոկոս). առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան (93 տոկոս), նրան հետևում են Հունաստանը (90 տոկոս), Մեծ Բրիտանիան (68 տոկոս) և ԱՄՆ-ը (64 տոկոս): Զարմանալի չէ, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում (33 տոկոս): Սակայն այս ցուցանիշը այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած թուրքական կառավարության կողմից ցեղասպանության դարավոր ժխտման հորինվածքին՝ ահռելի պետական ռեսուրսների օգտագործմամբ, հրաշք կարելի է համարել, որ թուրք երիտասարդների մեկ երրորդը, տասնյակ միլիոնավոր թուրքեր մերժում են իրենց կառավարության քարոզչությունը՝ առանց վարանելու կամ վախի ճիշտ պատասխան տալով հարցումը անցկացնողներին: 33 տոկոսը նաև ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստերը Թուրքիայում ճանաչված են թուրք լիբերալների և մտավորականության փոքր շրջանակից դուրս:
- Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտասարդների թվի տոկոսային հարաբերությունը մյուս 26 երկրներում հետևյալն է. Ավստրալիա (67 տոկոս), Ավստրիա (85 տոկոս), Բելգիա (81 տոկոս), Գերմանիա (83 տոկոս), Դանիա (81 տոկոս), Էստոնիա (81 տոկոս), Իսպանիա (86 տոկոս), Իսրայել (88 տոկոս), Իտալիա (87 տոկոս), Լատվիա (84 տոկոս), Լեհաստան (87 տոկոս), Լիտվա (70 տոկոս), Խորվաթիա (87 տոկոս), Կանադա (71 տոկոս), Հնդկաստան (51 տոկոս), Հոլանդիա (76 տոկոս), Հոնդուրաս (87 տոկոս), Ճապոնիա (68 տոկոս), Շվեյցարիա (87 տոկոս), Չեխիա (74 տոկոս), Չինաստան (80 տոկոս), Ռումինիա (72 տոկոս), Ռուսաստան (84 տոկոս), Սերբիա (86 տոկոս), Ուկրաինա (65 տոկոս) և Ֆինլանդիա (83 տոկոս):
- Ռուանդայի թութսիների ցեղասպանությունը հութուների կողմից երրորդ ամենաբարձր (76 տոկոս) հանրային իրազեկվածությունը ունի 31 երկրներում, ավելի քիչ, քան հրեական Հոլոքոսթը և Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրա ավելի ուշ՝ 21 տարի առաջ տեղի ունենալուն...
- Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես ցեղասպանություն` անտեսելով հանդերձ Կամբոջայի ցեղասպանության գոյությունը.
1. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբեր գցելը Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա 1945 թվականին - 70 տոկոս:
2. 1937 թվականի Նանկինի ջարդերը Չինաստանում Ճապոնիայի կայսերական բանակի կողմից - 66 տոկոս:
3. Աֆրիկյան և ասիական երկրների գաղութացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից - 55 տոկոս:
4. 1932-33 թվականների սովը Ուկրաինայում - 41 տոկոս:
5. 1943 թվականի սովը Հնդկաստանում - 37 տոկոս:
Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ 31 երկրներում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այս հինգ պատմական արհավիրքների:
Այս միջազգային հարցախույզի ամենակարևոր հայտնությունը Թուրքիայի կառավարության ակնհայտ պարտությունն է ցեղասպանության ժխտման տևական պայքարում, ոչ միայն միջազգայնորեն, քանի որ վերջերս աճել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, այլ նաև երկրի ներսում, քանի որ թուրք երիտասարդների մեկ երրորդը նույնպես ճանաչում է այն...
Վերջապես, եթե ենթադրենք, որ հարցմամբ ընդգրկված երկրների ամբողջ բնակչությունը ունի երիտասարդների գիտելիքների նույն 77 տոկոսը, կարող ենք հաշվարկել, որ այդ 31 երկրներում ապրող չորս միլիարդ մարդկանցից երեք միլիարդը տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Մենք կարող ենք նույն կերպ այդ 77 տոկոսը տարածել ամբողջ աշխարհի 7.25 մլրդ բնակչության վրա, այսինքն՝ ավելի քան 5 մլրդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի