Զուրաբյան. Դեռ նստացույցի համար քաղաքական պայմանները չեն հասունացել

«Բայց մենք նորից ժողովրդին դարձրեցինք մասնակից քաղաքական պրոցեսներին։ Սա մի կապիտալ է, որը մենք օգտագործելու ենք՝ հանուն ավելի լուրջ նվաճումների», - ասաց Զուրաբյանը։

Դեռ նստացույցի համար քաղաքական պայմանները չեն հասունացել։ Երեկ այդ մասին «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Մենք, կարծում եմ, էս պահին լուծեցինք բավականին կարևոր խնդիր. մենք, ճիշտ է, չկարողացանք խոչընդոտել այս, մեր կարծիքով, Հայաստանի համար վնասակար Սահմանադրության ընդունմանը, բայց, մյուս կողմից, մենք կարողացանք ստեղծել «ոչ»-ի հզոր շարժում, մենք կարողացանք նորից մեր այս դիմադրության շարժումը դարձնել քաղաքական կարևոր խաղացող, և դա մեր ակտիվության շնորհիվ էր, որ այսքան մարդ գնացին և քվեարկեցին «ոչ», - ասաց Զուրաբյանը։

Նա հիշեցրեց, որ շատ ուժեր հակված էին ոչ թե «ոչ» քարոզելուն, այլ ընդհանրապես հանրաքվեն բոյկոտելուն, իսկ «ոչ»-ի ակտիվ քարոզչություն, ըստ Զուրաբյանի, տանում էր միայն Հայ ազգային կոնգրեսը, ստացված արդյունքներն էլ, նրա խոսքով, «հսկայական են»։

«Եթե ուզում եք ճիշտն իմանալ, բացի Հայ ազգային կոնգրեսից ոչ ոք ակտիվ «ոչ» քվեարկելու քարոզչություն չէր տանում, դա մեր շտաբն էր անում։ Այն արդյունքը, որին մենք հասանք, անգամ եթե հավատանք մի պահ պաշտոնական թվերին, դա հսկայական արդյունք է։ Իսկ սա նշանակում է, որ մենք կարողացանք ժողովրդին մեր կողմը բերել, սա նշանակում է, որ մենք նորից ակտիվացրեցինք, նորից ժողովրդին դարձրեցինք մասնակից քաղաքական պրոցեսներին։ Սա մի կապիտալ է, որը մենք օգտագործելու ենք՝ հանուն մեր երկրի զարգացման, հանուն ավելի լուրջ նվաճումների», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, թե խորհրդարանում մի պատկեր է, երբ 130-ից ավելի պատգամավորներից հատուկենտ մարդիկ են բարձրաձայնում ընտրակեղծիքների մասին, և հարցին, թե սա ինչի՞ մասին է վկայում, Զուրաբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, դա վկայում է այդ մարդկանց բարոյական կերպարի մասին, վկայում է օրենքի և օրինապաշտության մասին իրենց պատկերացումների մասին, որովհետև եթե այս աղաղակող օրինախախտումներից հետո, երբ ոտնահարվում է ամբողջ ժողովրդի կամքը, և դրա մասին ամբողջ ազգը խոսում է, ամբողջ հասարակությունը խոսում է, իսկ դուք էլ՝ լրագրողներդ, այդ իրողությունը առավոտվանից իրիկուն մատուցում եք, եթե դրանից հետո նրանք ընտրում են լռությունը, դրա մասին չեն խոսում, սա արդեն ինչ-որ բան նշանակում է, սա արդեն նշանակում է, որ այդ մարդիկ ուղղակի խաղ են խաղում, կամ լրիվ իշխանության հետ են՝ և՛ ընտրակեղծարարության գործում, կամ գոնե իշխանության կերակրատաշտից օգտվելու գործում»։