Նալբանդյան. «Նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում»

Էդվարդ Նալբանդյան, Ֆեդերիկա Մոգերինի

Այսօր Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Բանակցությունների մեկնարկի իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է.- «Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով»։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Նալբանդյանը նաև ասել է, թե Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով ստանձնած պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում:

«Մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե սահմանադրական բարեփոխումը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված այս նպատակներից շատերի իրագործմանը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը Հայաստան-ԵՄ ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են:

«Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը»,- ասել է Նալբանդյանը։

«Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, նորեկներ չեն և հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները և նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին»,- ամփոփել է նախարարը։