Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են և իրականության հետ կապ չունեն՝ պնդում է 4 տեղական կազմակերպությունների համատեղ առաքելությունը, որը երեկ դիտարկել է քվեարկությունը Հայաստանի բոլոր ընտրատարածքներում։ Նախաձեռնության ներկայացուցիչ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով կեղծիքների վերաբերյալ տասնյակ տեսագրություններ ունեն․ - «Այն ամբողջ արսենալը՝ կեղծիքների, ճնշումների, ապօրինությունների, որը նույնիսկ չկար 2013 թվականին, իշխանությունը ի ցույց դրեց, և ամբողջ բուկետով, ամբողջ փնջով, իրականացրեց երեկվա ընթացքում։ Ես առաջին անգամ արձանագրում եմ՝ նման ճնշումներ մեր դիտորդների նկատմամբ ես չեմ տեսել, սա ուղղակի աննախադեպ է»։
Դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումներ, լցոնումներ, բացակա ընտրողների փոխարեն՝ քվեարկություն դեպքեր. երեկ առավոտից քվեարկությանը հետևած դիտորդները այս շարքը երկար են շարունակում։ Քվեարկությանը հետևել է նաև միջազգային EPDE-ին՝ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը, որի փորձագետ Լենե Վեթերալդի խոսքով՝ իրենք նկատել են, ոչ միայն ահաբեկումներ, այլ ֆիզիկական բռնության դեպքեր․ - «Որոշ դեպքերում հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր քայլեր ձեռնարկել դրանց ուղղությամբ։ Շատ-շատ էին ահաբեկման դեպքերը և՛ հանրապետականների վստահված անձանց, և նրանց հանձնաժողովական անդամների կողմից»:
EPDE-ի փորձագետ Ռոման Ուդոտն ավելացնում է՝ լցոնումները աչք էին ծագում․ - «6 ընտրատեղամաս եմ այցելել, որոնցից 3-ում լցոնում եմ նկարահանել։ Տեսանյութն արդեն տեղադրված է կայքում»։
Երեկվա քվեարկությանը շուրջ 1000 ներկայացուցիչներով հետևած «Քաղաքացի դիտորդը» արձանագրել է ավելի քան 900 ահազանգ: Ըստ նախաձեռնության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի, դրանք համակարգային բնույթ էին կրում և հաճախ կրկնվում էին։
«941-ը դա՝ չի նշանակում, որ եղել են 941 անգամ, դա նշանակում է, որ խախտումները բազմակի անգամ նաև կրկնվել են իրենց տարբերակներով։ Դրանցից կեսից ավելի եղել են ոչ թե զուտ ընթացակարգային ինչ-որ խախտումներ, որոնք բավականին շատ էին նախորդ անգամները, այլ հենց բովանդակային բավականին լուրջ խախտումներ, ինչպես արդեն նշվեց», - ասաց Գրիգորյանը։
Կրկնվող խախտումներից մեկն էլ տեղամասից դուրս կատարվածն է։ Արթուր Սաքունցն ասաց՝ իրենց բազմաթիվ դիտորդներին տարբեր կերպով սպառնացել են, թե եթե չգնան տեղամասից, լավ չի լինելու։
«Դիտորդը, որը 24-րդ դպրոցի ուսուցիչ է գյուղերից մեկում, ասում են՝ գիտենք, որ աշխատում եք դպրոցում, և եթե հիմա չթողնեք-գնաք՝ աշխատանքից հեռացվելու եք», - պատմեց նա:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կոպիտ խախտումների օրինակներ բերեց։
«Բացի քվեատուփերի լցոնումը, դա՝ ոչ ցանկալի քվեաթերթիկների, արդեն լրացված քվեաթերթիկների գողանալու դեպքերն են, ստորագրված քվեարկողների ցուցակների գողանալու դեպքերն են, քվեատուփերի տեղամասերից դուրս բերելու դեպքերը, քվեատուփերի կամ արդեն իսկ տեսակավորված քվեաթերթիկների արդեն իսկ կատարված հաշվարկի զրոյացումը՝ սեղանները շուռ տալու, լույսերն անջատելու, դիտորդներին մեկուսացնելու, ոստիկանություն բերման ենթարկելու և այլ միջոցներով», - ասաց Եգորյանը։
Այսօր արդեն «Քաղաքացի դիտորդը» Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բազմաթիվ բողոքներ է ներկայացրել քվեարկության կարգի խախտման վերաբերյալ:
«Փաստերի պարագան, որոնք առավել քան բավարար են, դա դեռ հիմք չէ, որ մենք կունենանք պատշաճ, արդյունավետ քննություն: Եկեք իլյուզիաներով չտառապենք: Ուղղակի մենք ունենք պատշաճ փաստեր՝ հիմնավորելու մեր խոսքը և արգումենտացված ներկայացնելու ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ բոլոր այն հարթակներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային պայմանագրի կողմ և վերցրել է պարտավորություն իր քաղաքացիների առջև», - ասաց Արթուր Սաքունցը: