Անցած գիշեր նախաձեռնությունը մի քանի ժամ շարունակ Երևանի կենտրոնում երթ էր անցկացնում, որն ավարտվեց Ազատության հրապարակում։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ պայքարը շարունակվում է։
«Մենք շարունակում ենք մեր շուրջօրյա անժամկետ նստացույցը», - հայտարարեց Սեֆիլյանը:
Հանրաքվեի արդյունքները «Նոր Հայաստան»-ի անդամները չեն ընդունում։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ դրանք կեղծված են։ «Բոլոր գործիքները օգտագործվել էին ընտրակեղծիքների համար՝ բոլոր գործիքները անխտիր: Ընդհուպ մինչև տեղամասում հանձնաժողովի անդամին ծեծելը, ապա նաև՝ ոստիկանության բաժին տեղափոխելը», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Իշխանափոխության ծրագրից «Նոր Հայաստան»-ի անդամները չեն հրաժարվում։ Փոստանջյանի կարծիքով, բացի բողոքի ակցիաներից պետք է նաև համատարած անհնազանդության ակցիաներ իրականացնել։
«Պայքարը շարունակվում է, պայքարը մեկ օրվա չէ: Միևնույն է՝ մենք սրանով չէինք բավարարվելու: Մենք պետք է վերջիվերջո ազատվենք այս ապօրինի իշխանություններից: Միակ ելքը դա է», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով․ - «Հանրությունը միասնաբար «ոչ» է ասել: Այդ «ոչ»-ը ոչ միայն վերաբերում էր այդ կեղծ փաստաթղթին, այլ այդ «ոչ»-ը վերաբերում էր Սերժ Սարգսյանին: Այդ «ոչ»-ը պետք է դառնա համատարած բոլոր վայրերում: Բոլոր հարթակները պետք է օգտագործենք, որպեսզի այդ «ոչ»-ը դառնա իրականություն»: