Վանաձորում քվեարկությունն անցել է առանց լուրջ միջադեպերի

Տեսարան Վանաձորից, արխիվ

Այդուհանդերձ, որոշ դիտորդներ ահազանգել են, որ իրենց թույլ չեն տալիս գրառումներ կատարել՝ օգտվելով ընտրողների գրանցամատյանից և ստուգել ընտրողների հերթական համարները:

Վանաձորում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մասնակիցների ակտիվությամբ աչքի չընկավ: Թիվ 30 ընտրատարածքում ժամը 17.00-ի տվյալներով հանրաքվեին մասնակցել էր 18771 քաղաքացի, կամ ընտրողների 30,73 տոկոսը: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը «Ազատության» հետ զրույցում հետևյալ մեկնաբանությունը ներկայացրեց․

«Բացատրելի է, սպասելի էր սա, կուսակցականներն էին շահագրգռված, որ գնան կուսակցության հանդեպ իրենց պարտքը կատարեն, հետո՝ եղանակային պայմանները․․․ցուրտ, սառը, դա էլ իր ազդեցությունը կթողնի․․․»:

Շրջեցինք Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում: Քվերակողների մեծ հոսք չէր նկատվում, մարդկային կուտակումներ հազվադեպ էին լինում: Քվեարկությունը հիմնականում անցնում էր առանց լուրջ միջադեպերի: Հանրաքվեի մեկնարկից րոպեներ անց միայն Վանաձորի տարբեր ընտրատեղամասերից դիտորդներն ահազանգեցին, թե հանձնաժողովի նախագահներն իրենց թույլ չեն տալիս գրառումներ կատարել՝ օգտվելով ընտրողների գրանցամատյանից, նայել ընտրողների հերթական համարները կամ հարցնել ընտրողների անունները:

Թիվ 30/28 տեղամասային հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Ղամբարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նույնիսկ մի քանի անգամ դիտորդին զգուշացնելուց հետո վերջինս շարունակում էր գրառումներ կատարել:

«Քանի որ չկարողացանք իրեն հասկացնել, որ ․․․ օրենքը բացել ենք, ցույց ենք տվել, կարդացել ա, բայց էլի, մեկ ա՝ ինքն իրանը շարունակում էր: Դրա համար ստիպված զանգել ենք պարոն Պապանյանին»,- պատմեց Ղամբարյանը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մինչդեռ, պնդում է ՝ դիտորդներն իրավունք ունեն ընտրողներից ճշտել նրանց ինքնությունը: Իրավապաշտպանի խոսքով, խախտումն այն կլինի, եթե դիտորդը փորձի ճշտել, թե ինչպես է քվեարկել ընտրողը:

«Դիտորդը կամ վստահված անձը կարող է վերցնել ցուցակները և իր մոտ նշում կատարել, որ Պողոս Պողոսյանը եկավ ընտրությոնների: Ո՞վ կարող է արգելել: Եվ էդտեղ անհարկի միջամտությոն է եղել, միանշանակ»,- ասաց Սաքունցը:

Դիտորդները պնդում էին, թե քվեարկողների անուններն արձանագրելով՝ փորձում են բացառել կրկնակի քվեարկության դեպքերն ու ընտրակեղծիքները: Չնայած դիտորդների այս փաստարկներին՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն այդպես էլ նրանց թույլ չտվեց գրանցել ընտրողների անունները՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կկազմվի համապատասխան արձանագրություն և օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի գործին:

«Որևէ փաստաթուղթ ընտրողից վերցնել, ընտրողին ինչ-որ դիտողություն անել, հարցեր տալ և այլն, չի թույլատրվում: Եթե կասկածում են էդ ընտրողի ինքնության հետ կապված, դիմում են հանձնաժողովի նախագահին»,- պարզաբանեց ընտրական հանձնաժողովի նախագահը: