«Այո»-ի շտաբերից մեկի հարևանությամբ խոչընդոտվել է «Ազատության» լրագրողի աշխատանքը

Ավելի ուշ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ:

Արաբկիր շրջանի «Այո»-ի շտաբերից մեկի դիմաց այսօր կեսօրից տասնյակ երիտասարդ տղամարդիկ էին հավաքված․ նրանք, ինչ-որ ցուցակներ ձեռքին, մոտենում էին տաքսիներով, երթուղայիններով շտաբ տեղափոխվող մարդկանց, իրենց ցուցակներում ճշտումներ կատարում: Դրանից հետո մարդիկ անձնագրերով մտնում էին շտաբ, որտեղից դուրս գալուց հետո գործողությունը կրկնվում էր:

Նկատելով «Ազատություն» տեսախցիկը՝ երիտասարդ տղամարդկանցից մեկը փորձեց խոչընդոտել մեր աշխատանքը՝ հրամայաբար պահանջելով չնկարահանել շտաբ մտող-դուրս եկողներին և կոպտորեն փորձելով խլել տեսախցիկն ու հիշողությանն քարտը: Երբ ասացինք, որ ոստիկանություն կկանչենք, տղամարդն ասաց՝ ում ուզում եք զանգեք․․․

Կատարվածը պարզելու համար «Այո»-ի շտաբ մուտք գործելու մեր փորձերն անհաջող անցան․ մեկ տասնյակ ամրակազմ տաղամարդիկ պատ էին կազմել դռան դիմաց:

Իսկ ցուցակներով երիտասարդները կամ չլսելու էին տալիս մեր հարցերը, կամ էլ կոպտում էին՝ անթաքույց շարունակելով իրենց գործը:

Նույն պատկերն էր «Այո»-ի՝ հարևանությամբ գտնվող մյուս շտաբում: Ներս ու դուրս անողները հրաժարվում էի բացատրել, թե ինչու են հերթ կանգնում շտաբի ներսում:

Կրքերը թեժացան, երբ «Այո» շտաբից դուրս եկած տարեց կինը, որը որպես Հանրապետական կուսակցության անդամ ներկայացավ, բառացիորեն հարձակվեց մեզ վրա՝ վիրավորելով, պահանջելով անհապաղ լքել տարածքը:

«Լավ եմ անում, ճիշտ եմ անում», - ճչում էր նա՝ հրելով մեզ ու թքելով մեր ուղղությամբ․ - «Էս տարածքից գնա՛․․․»

Շտաբից դուրս եկող տղամարդկանց ուշադրությունը տիկնոջ ագրեսիվ պահվածքի վրա հրավիրելու մեր ջանքեր ապարդյուն անցան:

Ավելի ուշ Տոմա անունով ՀՀԿ-ական երիտասարդ կինը, ով չցանկացավ նաև ազգանունով ներկայանալ, պնդեց, որ այդ տիկինը որևէ կապ չունի իրենց շտաբի հետ․ - «Ես այդ տիկինի համար ուղղակի պատասխանատվություն չեմ կրում: Եթե ձեզ ինչ-որ ձևով նեղացրել են մեր շտաբի դիմաց, ես անձամբ ներողություն եմ խնդրում»:

Երբ ասացինք, որ ահազանգ ենք ստացել, թե իրենց շտաբում գումար են բաժանում, երիտասարդը կինն ասաց․ - «Մենք ուտելիքով ենք․․․ մեր տղաները օգնում են ուտելիքով ապահովենք»:

Մոտ չորս ժամվա ընթացքում մեր տեսախցիկը, սակայն, այդպես էլ չարձանագրեց շտաբից սնունդով դուրս եկող մարդկանց․ նրանց ձեռքում ինչ-որ ցուցակներ էին և անձնագրեր, ընդ որում՝ երբեմն մի քանիսը:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ: