ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրատեղամաս էր եկել իր խոսքով՝ իր քվեաթերթիկին տեր կանգնելու համար:
«Մենք ասել ենք, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն կեղծ օրակարգ ենք համարում և կարծում ենք, որ սա որևէ ապոկոլիպտիկ փոփոխություն ելքերից որևէ մեկի դեպքում չի բերելու Հայաստանի Հանրապետությանը և քաղաքական կյանքի տրամաբանությունը մեծ հաշվով չի փոխելու: Ես այսօր առաջին հերթին եկել եմ իմ քաղաքացիական պարտքը կատարելու և կարծում եմ, որ քաղաքացիները պետք է քվեարկեն և իրենց դիրքորոշումը արտահայտեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Իմ դիրքորոշումը հանրահայտ է, այնպես որ իմ գործողություններում և տրամաբանության մեջ որևէ բան չի փոխվել: Ես մի անգամ այս փոփոխությունների նախագծի վերաբերյալ քվեարկել եմ, այնպես որ ամեն ինչ թափանցիկ է»:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը հոկտեմբերին քվեարկության էր դրվել Ազգային ժողովում և անցել ձայների 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկած պատգամավորներից մեկն էր:
«Ազատության» հարցին՝ գալով քվեարկության արդյո՞ք չի օրինականացնում կեղծ օրակարգը, Փաշինյանը պատասխանեց․ - «Գիտեք՝ ես այսօր եկել եմ, որ իմ քվեաթերթիկին տեր կանգնեմ, ոչ ավել, ոչ պակաս»:
Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի հայտարարությանն այն մասին, որ մտադիր է երեկոյան Երևանի Ազատության հրապարակում հետևել քվեների հաշվարկին, Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ - «Մենք հետևում ենք գործընթացներին: Արդեն ասել եմ հրապարակի վերաբերյալ, մյուս իրադարձությունների վերաբերյալ իմ դիրքորոշումների մասին և այդ դիրքորոշումների մեջ ոչ մի փոփոխություն չկա: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին, և էլի կարող եմ ասել՝ երբ տեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անելու իրական շանս կա, մենք կլինենք այդ իշխանափոխության առաջին դիրքերում: Բայց էլի եմ ասում՝ մենք զերծ կմնանք անել քայլեր, որոնք ի վերջո մարդկանց բերելու են հերթական հուսահատությունը»: