Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց հանրաքվեին՝ «քվեարկելով հանուն Հայաստանի ապագայի»։
«Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման և հանուն մեր զարգացման, բոլոր կարող ուժերի, խելացի մտքերի համադրմամբ կառավարման մշակույթի ձևավորման և նաև յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով, ապագա Սահմանադրությամբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է։
«Անվտանգությունը ինչպես ապագա Սահմանադրությամբ, ինչպես նաև այսօր, ձևավորված է, երաշխավորված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, մեր ժողովրդի և մեր պետության համար, ինչպես կառավարման ընդհանուր ուղղահայացով, այնպես էլ որոշումների ընդունման ընդհանուր ընթացակարգերով։ Այնպես որ կարող ենք մենք հանգիստ լինել։ Հայկական բանակը կա այսօր, իր առջև դրված խնդիրն իրականացնում է, և վաղն էլ իրականացնելու է գերազանց կերպով», - ասաց Օհանյանը։