Մեկ տարվա բանտարկությունից հետո Իսմայիլովան ասում է՝ դեռ շարունակում է իր պայքարը

Խադիջա Իսմայիլովան Foreign policy-ի «Աշխարհի հարյուր մտածողների» ցանկում է։

Ուղիղ մեկ տարի առաջ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Խադիջա Իսմայիլովան:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մայրը՝ Էլմիրա Իսմայիլովան կասկած անգամ չի հայտնում, որ 7.5 տարվա ազատազրկման դատապարտված դուստրը ճիշտ ճանապարհի վրա է: Էլմիա Իսմայիլովան ասում է, որ մեկ տարի է, ինչ Խադիջան բանտում է, բայց թվում է՝ արդեն 5 տարին անցավ:

«Բայց ես գիտեմ, նա ճիշտ ուղու վրա է և բանտում է, քանի որ ասում էր ճշմարտությունը: Ահա թե ինչու եմ շարունակում լինել ուժեղ և չկոտրվել»,- ասում է լրագրողի մայրը։

Լրագրողի հարցին, թե Խադիջայի բանտարկությունից հետո ավելի շատացել են ընկերնե՞րը, թե՝ թշնամիները, Էլմիրա Իսմայիլովան ասում է՝ ընկերները:

«Ֆեյսբուքով անընդհատ ընկերության առաջարկներ են ուղարկում, շնորհավորում են Խադիջայի նոր մրցանակների կապակցությամբ և սատարում են ինձ»,- պատմում է մայրը և հիշում, որ 1937 թվականին էլ ձերբակալել էին իր հորը:

Դստեր բանտարկության պատճառների մասին խոսելով՝ Էլմիրա Իսմայիլովան նաև ադրբեջանցիներին կոչ է անում ոտքի կանգնել, ձեռք-ձեռքի տալ և ապահովել ապագան:
Բաքվի բանտից ընտանիքի միջոցով տարածած հայտարարությունում Խադիջա Իսմայիլովան տեղյակ է պահել, որ իր աշխատանքը շարունակում է կալանավայրում՝ նույն ոգով, ինչպես դա անում էր նախկինում: Իսմայիլովայի ուշադրությունը բանտում ևս մնում են իրավախախտումների բախված մարդիկ և կառավարական ամենաբարձր մակարդակում արմատավորված կոռուպցիան:

«Ես դեռ իմ ճանապարհին եմ»,- բանտից ուղարկած նամակում գրել է Իսմայիլովան և հավաստիացրել.- «Ես շարունակում եմ իմ պայքարը, ինչպես առաջին օրը, երբ ժամանեցի բանտ, ես դեռ ունեմ իմ ժպիտն ու հումորի զգացումը»։

Կալանավորումից երկար ժամանակ չէր անցել, երբ հայտնի դարձավ, որ նա բանտում պատրաստել է խցակցի բողոքը՝ խափանման միջոցի վերաբերյալ: Իր կալանքի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ էր, երբ Իսմայիլովան վկայակոչեց ձերբակալվածների պահման վայրերում և կալանավայրերում Ադրբեջանի կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան սննդամթերքի ապահովման պահանջները ու պնդեց՝ համակարգը չի հետևում անգամ կառավարական որոշումներին:

Ազատությունն ու խոսքի արժեքի վերաբերյալ պատկերացումները բանտում նույնպես ոչ մի բանի հետ չփոխող լրագրողը խցակիցներին է փոխանցել ընկերների ուղարկած գրքերը: 10 տոկոսը դեռ չի կարդացել, փոխանցում են «Ազատության» ադրբեջանական ծառայության լրագրողները և պատմում, որ նա գրքերի հետ միասին բաժանում է նաև մոր ուղարկած տնական ճաշերը:

Ադրբեջանցի լրագրողն իր նամակներից մեկում գրել էր.- «Բանտն ահավոր չէ նրանց համար, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ճիշտ գործեր կատարելու համար: Մենք պարզ տեսնում ենք, թե ինչի համար պիտի պայքարենք»։

Բանտում Իսմայիլովայի համար ստեղծագործական նոր հնարավորություններ բացվեցին, նախկինում խիստ զբաղվածություն ունեցող լրագրողը ճաղերի հետևում ավարտեց իրանցի գրող Սահար Դելիջանիի պատմվածք թարգմանությունը Իրանի քաղբանտարկյալների վերաբերյալ: Այս ամենի մասին Խադիջա Իսմայիլովան մեկ այլ բաց նամակ գրեց՝ ամբողջացնելով ազատազրկման դատապարտվելու դրական կողմերը:

Այս ամենին զուգահեռ Իսմայիլովան, ըստ բանտից հասնող տեղեկությունների, անչափ մեծ ուշադրությամբ առանձնացնում է իր բանտարկության ապօրինությունը հաստատող փաստերը՝ Եվրոպական դատարան դիմելու համար: