Այսօր ժամը 04:30-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը», - փոխանցում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով. - «Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1995 թվականին ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը»:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /197 արկ/, 82 /43 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /14 արկ/, ՌԳՊ-7 /1 արկ/ նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից /4 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
«Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար», - ասված է հաղորդագրությունում: