Քերրին, Լավրովը և Դեզիրը մատնացույց են արել քաղաքական կամքի պակասը ԼՂ կարգավորման հարցում

Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին զրուցում են, Բելգրադ, 3-ը դեկտեմբերի, 2015թ.

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների տարեկան համաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության իրենց միացյալ հանձնառությունը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- հայտարարել են նրանք:

Անդրադառնալով վերջին շրջանի լարվածությանը՝ Քերրին, Լավրովը և Դեզիրը կողմերին կոչ են անում հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությանը և վերացել որևէ թյուրըմբռնում, թե լրջորեն չեն տրամադրված հասնելու բանակցային կարգավորմանը: «Կողմերը պետք է շարունակեն քննարկումները Սոչիի, Ուելսի և 2014-ին Փարիզում կայացած բարձր մակարդակի հանդիպումներում քննարկված համապարփակ հանգուցալուծման տարրերի շուրջ և 2016-ին պետք է ակտիվացնեն իրենց երկխոսությունը քննարկվող առաջարկների հենքի վրա»,- նշել են նրանք։

Շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին հրադադարի խախտումների պատճառով առաջացած լարվածությանը անդրադառնալով՝ նրանք նշել են.- «Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի և այլ ծանր զենքերի կիրառումը և խորը ափսոսանք ենք հայտնում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, որ տեղի է ունեցել այդ զենքերի օգտագործման պատճառով»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և արդարացում չկա անմեղ մարդկանց մահերի ու վիրավորվելու համար: Մենք կողմերին կոչ ենք անում հնարավոր սեղմ ժամկետներում նվազեցնել լարվածությունը և խնայել մարդկանց կյանքը: Համանախագահները առաջարկներ են ներկայացրել ռիսկերը նվազեցնելու համար, և կողմերին կոչ ենք անում ընդունել դրանք, ներառյալ ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմները»:

Նրանք ողջունում են կորած մարդկանց մասին տվյալների փոխանակումը, նրանց վերադարձելու քայլերը, կոչ են անում շարունակել համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Նշում են երկու հարևան ժողովուրդների միջև վստահություն կառուցելու երկխոսության անհրաժեշտությունը:

Քերրին, Լավրովն ու Դեզիրը անդրադարձել են նաև Մինսկի խմբի համանախագահների հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով.- «Մենք ընդգծում ենք, որ Մինսկի խումբը մնում է միակ ձևաչափը, որն ընդունում են կողմերը, և որը վայելում է ԵԱՀԿ մասնակից երկրների ամբողջական վստահությունը: Բանակցային գործընթացի ձախողումների մեջ համանախագահներին մեղադրելու փորձերը միայն թաքցնում են հիմնական խոչընդոտը՝ բանակցային կարգավորմանը հանելու համար Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական կամքի պակասը: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը սերտորեն աշխատել կողմերի հետ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ տևական խաղաղությանը»,- համատեղ հայտարարությունում նշել են ԱՄՆ-ի պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը:

Բելգրադում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների համաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները նաև առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի ծառայությունները տեղեկացնում են, որ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը, գործընթացը առաջ մղելու հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցերին։ Միջնորդները ձգտում են, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայանա մինչև տարեվերջ, բայց կոնկրետ ժամկետների ու վայրի մասին լուրեր չկան։ Ջոն Քերրին ասել է, թե Մոլդովայի, Վրաստանի, հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունները դեռևս կարգավորված չեն ու նշել է, որ դրանք կարգավորելու համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն վճռականություն ցուցաբերի:

Բելգարդում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների տարեկան համաժողովում Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովի ելույթի մեծ մասը ղարաբաղյան հակամարտության մասին էր: Նա Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքների օկուպացիան շարունակելու մեջ»։

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական զորքերի առկայությունը ապակայունացման հիմնական գործոնն է, որը ցանկացած ժամանակ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,- ասել է Մամեդյարովը՝ իր ելույթի վերջում նորից պնդելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջնորդների անունից նոր առաջարկներ է ներկայացրել։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին գաղափարները կարող են շատ լավ առաջընթաց, ճեղքում բերել խաղաղ գործընթացում»,- ասաց Ադրբեջանի արտգործնախարարը։