Ղարիբաշվիլի․ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում ավելորդ աժիոտաժ պետք չէ

Վրաստան - Վրացի զինծառայողները Կրծանիսիում Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ռազմաուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ, 27-ը օգոստոսի, 2015թ․

«Կարիք չկա հանրությանը մոլորեցնելու, կարիք չկա միմյանց հուսադրելու, որպեսզի հետո մեզ խաբված չզգանք», - ասում է Վրաստանի վարչապետը:

Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության շուրջ չափազանցված սպասելիքներ ստեղծելու կարիք չկա: Լրագրողների հետ զրույցում շաբաթասկզբին նման հայտարարությամբ հանդես եկավ Փարիզում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Դա մեր գործընկեր պետությունների, նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խորհուրդն է: Կարիք չկա հանրությանը մոլորեցնելու, կարիք չկա միմյանց հուսադրելու, որպեսզի հետո մեզ խաբված չզգանք: Հարկավոր է հանդարտ կերպով հետևել իրադարձությունների զարգացմանը: Մեր կողմից մենք կատարում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը և նախանշված ծրագրից ետ չենք մնում», - հայտարարում էր Ղարիբաշվիլին՝ նշելով, որ միջազգային հարաբերությունների` սրընթաց արագությամբ փոփոխվող միջավայրը չի կարող չազդել նաև Վրաստանի եվրատլանտյան հավակնությունների վրա:

«Աշխարհն այլևս այն չէ, ինչ, ասենք, մեկ տարի առաջ էր: Մենք պարտավոր ենք հաշվի առնել բոլոր իրական գործոնները և միմյանց չխաբել: Մենք, իհարկե, հավատարիմ ենք մեր ծրագրերին, սակայն գերազանցել մեր կարողությունները պարզապես չենք կարող: Ի վերջո, որոշումը կայացնում եմ ոչ թե ես, այլ ՆԱՏՕ-ն: Հաշվի առնելով այս ամենը՝ եկեք ավելորդ աժիոտաժ այս խնդրի շուրջ չստեղծենք», - ասում էր Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ 2014-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանն այդպես էլ դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավեր չստացավ: Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը կայանալու է եկող տարի Վարշավայում:

«Եթե անգամ Վարշավայի համաժողովում էլ Վրաստանի անդամակցության մասին որոշում չկայացվի, միևնույն է, մեր երկիրը շարունակելու է ջանքեր գործադրել դաշինքին անդամակցելու ուղղությամբ», - իր հերթին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների` երեկ Բրյուսելում մեկնարկած հանդիպման ընթացքում: