Փարիզում բացվել է COP 21 գագաթնաժողովը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մասնակցում է Ֆրանսիայում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ գումարված կլիմայի հարցով գագաթնաժողովին, Փարիզ, 30 նոյեմբերի, 2015թ.

Մոտ 150 պետությունների ղեկավարներ այսօր հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ ՄԱԿ-ի հովանու ներքո գումարվել է բնապահպանության հարցերով միջազգային գագաթնաժողով։

Ընդհանուր առմամբ Փարիզ են ժամանել 196 երկրների ներկայացուցիչներ։ COP21 գագաթնաժողովի օրակարգում երկրագնդի ջերմաստիճանի հետզհետե ահագնացող աճը զսպելու ծրագիրն է։

Գագաթնաժողովը պետք է համաձայնեցնի համապարփակ պայմանագիր, որով երկրները պարտավորվելու են սահմանափակել այսպես կոչված «ջերմոցային գազերի» արտանետումները, որոնք, ըստ մասնագետների, հանդիսանում են մոլորակի ջերմացման հիմնական պատճառը։ «Ջերմոցային գազերի» ցանկում են ածխաթթու գազը, ջրի գոլորշին, մեթանը և օզոնը։

Ածխաթթու գազի արտանետումների աճը, մասնագետների համոզմամբ, արդյունաբերության հետևանքն է։ Արդիական տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը պետք է աստիճանաբար նվազեցնի արտանետումների ծավալը, ինչը, իր հերթին, կզսպի Երկիր մոլորակի ջերմացումը։

Բնապահպանները զգուշացնում են, որ եթե մարդկությունը չկարողանա սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումը, ապա առաջիկա տասնամյակների ընթացքում մոլորակի ջերմացումը կդառնա բացարձակապես անկառավարելի, օվկիանոսների մակարդակը կաճի, առափնյա բնակելի հսկայական տարածքներ կհայտնվեն ջրի տակ, կլիման կվատթարանա, որոշ տարածքներ ընդհանրապես պիտանի չեն լինի կյանքի համար, բոլոր մայրցամաքները կտուժեն աննախադեպ մրրիկներից և այլ աղետներից։

Բացելով գագաթնաժողովը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ երբեք այսչափ հրատապ չի եղել կլիմայի հարցը, ինչպես մեր օրերին։ Օլանդն աշխարհի ղեկավարներին կոչ է արել ձեռնարկել արդյունավետ քայլեր երկրագնդի ջերմացումը կանխելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում մի շարք երկրներ պարզապես չեն կարողանա ապահովել իրենց բնակչության կարիքները։

«Մենք պարտավոր ենք գիտակցել, թե ինչ լուրջ վտանգ է սպառնում մոլորակի հավասարակշռությանը, տեսնել այն ամպը, որը կբերի արտագաղթի նոր ալիքներ և փախստականների նոր՝ պատերազմներ հրահրող մրրիկ, որոշ երկրներ չեն կարողանա հոգալ իրենց բնակչության կարիքները։ Սովի վտանգ, գյուղացիների զանգվածային հոսք դեպի քաղաքներ, կոնֆլիկտներ ջրի համար», - ասել է Օլանդը։

Այդ ամենը թվարկելուց հետո Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ մարդկությանը սպառնում է ևս մեկ վտանգ` ահաբեկչությունը։

«Չեմ կարող ահաբեկչության դեմ պայքարը տարանջատել գլոբալ ջերմացումից։ Դրանք երկու մեծ մարտահրավերներ են: Մենք մեր երեխաներին պետք է փոխանցենք ոչ միայն ահաբեկչությունից ազատ աշխարհ, այլև աղետներից երաշխավորված մոլորակ»,- ասել է Օլանդը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ողջունելով ավելի քան 150 պետությունների ղեկավարներին, ասել է, թե աշխարհի համար կլիմայի խնդիրը լուրջ քննություն է, նման քաղաքական հնարավորություն գուցե այլևս չի լինի։

«Ձեզ ընձեռվել է ներկայիս և գալիք սերունդների բարեկեցությունն ապահովելու հնարավորություն», - ասել է Բան Կի-մունը գագաթնաժողովի մասնակիցներին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ իր երկիրն ակտիվ քայլեր է անում արտանետումները կրճատելու համար։ 2000-2012 թվականների ընթացքում էներգիայի սպառման նվազեցման տեմպը կազմել է 33.4 տոկոս։

«Համաձայն մեր էներգետիկայի զարգացման արդյունավետության ծրագրի, 2020 թվականին մենք կապահովենք ևս 13.5 տոկոսի կրճատում»- ասել է Պուտինը։

Միացյալ Նահանգների նախագահը խոսել է իր երկրի պատասխանատվության մասին․ - «Ես այստեղ ներկայացնում եմ ոչ միայն աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող, այլև վնասակար արտանետումների առումով երկրորդ տեղը գրավող երկիրը։ Ամերիկան ոչ միայն ընդունում է այդ խնդրում պատասխանատվության իր բաժինը, այլև աշխատում է խնդիրը լուծելու ուղղությամբ»։

Կլիմայի հարցով փարիզյան գագաթնաժողովը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը։