Միլիտոնյան. «Չճանաչել մեծերին՝ նշանակում է չճանաչել քո ժողովրդին»

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան, արխիվ

Գրականությունն ինքը ճակատագիր է, գրականությունն ինքը ներկան ու ապագան է, ասում է Գրողների միության նախագահը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով, այսօր ընթերցասերների թիվը նվազել է, և հասարակական միջավայրից դուրս է եկել ընթերցանությունը որպես որակ ցուցանելու պայմանը։

«Այսինքն մարդը կարող է անգրագետ լինել, գիրք չկարդալ, բայց անգամ մեծ պաշտոններ վարել, հարց լուծող լինի ու չիմանալ իր գրականությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միլիտոնյանը։

Հայաստանի գրողների միության նախագահը վկայակոչեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությունը, թե «ռուս գրականություն չիմացող մարդուն պետք է ատեստացիայի ենթարկել և երբեք որևէ պաշտոնի չնշանակել»։ «Մի անգամ Ժիրինովսկին մի հետաքրքիր միտք ասաց, որ ռուս գրականություն չիմացող մարդուն պետք է ատեստացիայի ենթարկել և երբեք որևէ պաշտոնի չնշանակել, որովհետև նա չի ճանաչի իր ժողովրդի հոգին։ Ես լիովին համամիտ եմ, որովհետև մեր մեծ գրողները՝ Չարենցը, Սևակը, Թումանյանը, Իսահակյանը, Մեծարենցը, Րաֆֆին, Նար-Դոսը, Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Զոհրապ Հալաբյանը, Մուշեղ Գալշոյանը, բոլորն, ովքեր գրում են, գրել են և հիմա շարունակում են՝ մեր ժամանակակից գրողները, նրանք արտահայտում են մեր ժողովրդի հոգին, մեր նկարագիրը, մեր տեսակը։ Չճանաչել դա՝ նշանակում է չճանաչել քո ժողովրդին», - ասաց Միլիտոնյանը։

Նա համոզված է, որ հենց տվյալ ժամանակի գրողների ստեղծագործողների միջով է պահպանվում կապը գրական ժառանգության, կապը մեծերի հետ։

«Գրականությունը շղթայական ռեակցիա է՝ դարերով եկած և դարեր է գնալու։ Մեծերը միշտ շարունակում են միմյանց, որքան էլ թվա հաճախ իբր հակառակ են իրենց պոետական մտածողությամբ։ Կա ներքին փոխանցում, վազք փոխանցումային, դա պոետական, գրական վազքն է, և դա պետք է իմանալ՝ նաև կարդալով մեր այսօրվա լավագույն գրողներին», - ասաց Միլիտոնյանը։

Գրականության այսօրվա կարևորագույն հիմնախնդիրներին վերաբերող հարցին Գրողների միության նախագահն այսպես արձագանքեց, - «Դա ընթերցանությունն է, դա իհարկե հանդիպումներ, գրականության դեմքերի ճանաչողությունը, պետք է լինի նաև ժամանակակից գրողների ճանաչում, դա պետք է լինի նաև զանգվածային լրատվամիջոցների հիմնական գործերից մեկը։ Եվ դա ճանապարհ է բացելու դեպի ընթերցողի սիրտը, հատկապես երբ մենք սփռված ժողովուրդ ենք, մշակույթը, գրականությունը պետք է դառնա գումարող հանգամանք մեր լեզվի, մեր գոյավիճակի, մեր խնդիրների լուծման ճանապարհների ուղիները ցույց տալու և այլն։ Սա միայն գրականություն չի, գրականությունն ինքը ճակատագիր է, գրականությունն ինքը ներկան ու ապագան է, չհաշված անցյալը, որ դասականության վրա է հիմնված»։