Մահացած նորածնի մայրը մեղադրում է բժիշկներին

Արմավիրի հիվանդանոցից «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկանի հարազատները պնդում են, որ 36 շաբաթական պտուղը մահացած է ծնվել բժիշկների անտարբերության պատճառով:

Հարազատները պատմում են, որ դեպքից շաբաթներ առաջ հղին իրեն վատ է զգացել, Արմավիրի բժշկական կենտրոնում տեղեկացրել են, որ պտղաջրերի վաղ արտահոսք է սկսվում, ու խորհուրդ են տվել տեղափոխել Երևան:

«Շենգավիթ» բժշկական կենտրոն եկել են՝ հուսալով, որ կինը բժիշկների հսկողության տակ կլինի ու առողջ երեխա կունենան, սակայն այստեղ, հարազատների պնդմամբ, կնոջը հսկող կոնկրետ բժիշկ չի եղել:

Ծննդկան Լարիսա Շահբազյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ընդունող հերթապահ բժիշկը վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, նախապատրաստել են ծննդաբերության, սակայն մեկ ժամ հետո փոքրիկի սիրտը դադարել է բաբախել․ - «Սակավաջրություն եմ ունեցել: Ես իրան հարցրեցի, ասեցի՝ բժշկուհի, սենց բան կա, վնաս չի՞ տա պտղին․․․ Ասավ՝ չէ, հանգիստ եղի, ոչ մի բան չկա»:

Հարազատներն ու ծննդկանը չեն պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, ասում են՝ չեն վստահում:

Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ փոխնախարարը կապվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանի հետ, որպեսզի վերջինս պատասխանի մեր հարցերին: Մի քանի ժամ սպասելուց հետո, սակայն, հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ տնօրենը դեռ չի վերադարձել:

Փոխարենը, չնկարահանվելու պայմանով մեր հարցերին համաձայնեց պատասխանել հիվանդանոցի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը: Տեղեկանալով, որ ծննդկանն ու հարազատները անտարբերության մեջ մեղադրում են իր կնոջը՝ Անի Սիրունյանին, ով այդ օրը եղել է ընդունող հերթապահ բժիշկը, ասաց․ - «Հասկանում եմ, որ կորուստ ունեն, բայց հարազատները շփոթում են բժիշկների ազգանունները»:

Մեր հարցին, թե հարազատները պնդում են, որ նորածինն առողջ էր ու կփրկվեր, եթե ժամանակին կեսարյան հատում կատարվեր, ասաց, թե բժշկական ցուցում չկար․ - «Ես չեմ կարող հիմա կոմպետենտ ձեզ պատասխանել՝ արդյո՞ք առողջ է եղել այդ պտուղը, արդյո՞ք եղել են բացթողումներ․․․ Մեր կոլեկտիվը, ինչպես ցանկացած կոլեկտիվ, կարող է ունենալ ինչ-որ ներքին խնդիրներ, բայց ինչ վերաբերում է անուշադրությանը, դա մեզ համար անընդունելի է»:

Փոխտնօրենն ասաց` հղի կնոջ մասին որևէ տեղեկություն չի փոխանցի, որովհետև չունի նրա գրավոր համաձայնությունը:

Ծննդկան Լարիսայի ամուսնու եղբայրն «Ազատության» հետ զրույցում վրդովվեց․ - «Ես էլ բժիշկ եմ ու գիտեմ, որ ծննդաբերության նախանշաններով հիվանդանոց բերված եղբորս կինը ողջ ընթացքում առողջ հղիություն է տարել»:

Լարիսա Շահբազյանը դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից՝ առողջական խնդիրներ ունի: Բայց հարազատներին խնդրում է իրեն տուն տանել, ասում է՝ ի վիճակի չէ լսել նորածինների լացի ձայները:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից փոխանցեցին՝ փոքրիկի մահվան պատճառները պարզ կլինեն դիահերձումից հետո միայն: