«Հեռախոսամարաթոն 2015»-ին ստացվել է 1.3 մլն եվրո նվիրատվությունների խոստում

Ուշագրավ է, որ նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի եվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որի այս տարվա հովանավորներից էին Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն և Օ-դը-Սենի շրջանային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:

Ըստ կազմակերպիչների, ստացվել է 1 միլիոն 335 հազար եվրոյի նվիրատվությունների խոստում Գերմանիայից, Շվեյցարիայից և Ֆրանսիայից:

Դրամահավաքի հասույթը, ըստ «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության, ուղղվելու է Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը:

Ուշագրավ է, որ նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:

«Իսկապես սա մեծ, հետաքրքրական նորություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանը:

Հարցին, թե ինչպես անդրադարձան անցած շաբաթ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները հեռախոսամարաթոնի վրա, Թերզյանն արձագանքեց․ - «Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև ֆրանսահայերի վրա: Միջին Արևելքի այս դեպքերը, նաև ահաբեկչական ահավոր արարքները, որ կատարվեցին Փարիզում, մարդկանց վրա մեծ ազդեցություն ունեցան: Ավելի ևս զորակցություն են ցուցաբերում սիրիացի ու իրաքցի փախստականներին»:

«Կարող եմ ասել, որ ծագումով հայերից զատ, մյուս եվրոպացիները այսօր հասկանում են, որ Հայաստանը և Արցախը եվրոպական քաղաքակրթության մաս են, նույն արժեքներն ունեն՝ ազատության, անհատի հանդեպ հարգանքի: Այս տարվա հետաքրքրական կետերից մեկն է, որ ոչ միայն հայերը, այլև ֆրանսիացիներ, այլ եվրոպացիներ հասկանում են, որ Եվրոպայի ճակատագրի մի մասը որոշվում է Արցախի, Հայաստանի սահմանին: Եվ մենք զորակցություն ունենք ոչ միայն ծագումով հայ նվիրատուների կողմից, այլև ֆրանսիացիների, այլ եվրոպացիների կողմից», - հավելեց Թերզյանը: