Օբաման Ռուսաստանին կոչ է անում պայքարել «Իսլամական պետության» դեմ

Ֆիլիպիններ - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մանիլայում, 19-ը նոյեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է՝ ժամանակն է, որ Ռուսաստանն ընդունի «ռազմավարական որոշում»:

«Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի ամենաազդեցիկ գործիքը ասելն է, որ մենք չենք վախենում», - Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Օբաման, ABC հեռուստաընկերության փոխանցմամբ, հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի առաջնորդել «Իսլամական պետության» ոչնչացման արդյունավետ քաղաքականությունը:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է՝ ժամանակն է, որ Ռուսաստանն ընդունի «ռազմավարական որոշում»՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի, այլ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ընդդիմադիրների:

Բարաք Օբաման ընդգծել է, որ «Իսլամական պետություն»-ը՝ մարդասպաններ են, որոնք մեծ ազդեցություն ունեն սոցիալական ցանցերում:

Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի նախագահին հիշեցրել է, որ Ռուսաստանի 224 քաղաքացիների մահվան պատճառը՝ ինքնաթիռի կործանման միջոցով, «Իսլամական պետություն»-ն է:

«Պուտինը պետք է պայքարի նրանց դեմ, որոնք սպանել են Ռուսաստանի քաղաքացիներին», - ընդգծել է Օբաման` պնդելով, որ անհրաժեշտ է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հակադրելով ահաբեկչական գործողություններն ու խաղաղության մեջ ապրելու՝ մարդկանց ցանկությունը, Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրել է, որ ռեստորանների և սրճարանների վրա կրակելը չի դառնա «նոր նորմ առօրյա կյանքում»: Նա հայտարարել է, որ «Իսլամական պետություն»-ը կոչնչացվի, և այն տարածքները, որոնք զավթել է ահաբեկչական խմբավորումը, հետ կգրավվեն:

Երեկ Ռուսաստանի իշխանություններին է դիմել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Նա հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի «հզոր աջակցությունը» ահաբեկչության դեմ պայքարի հարցում: «Մենք կարիք ունենք լինել միասնական, ցույց տալ համընդհանուր համերաշխություն»,- Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ բացատրելով, որ այդպես է պետք պայքարել ընդդեմ «Իսլամական պետության» կամ ահաբեկչական այլ խմբավորումների:

Մեդվեդևը պատասխանել է․ - «Ահաբեկչությունը սահմաններ չունի»: Ռուսաստանի վարչապետն ասել է, որ «համատեղ աշխատանք է պետք «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, բայց դա անելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտներում, ինչպես անում են ահաբեկչությունից տուժած երկրները»: