Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Զանգահարել եմ տան տիրոջը և արդեն խզել եմ պայմանագիրը նրա հետ: Ես տեղափոխվել եմ այդ տանից ուրիշ տուն: Հիմա, եթե այդ բնակարանի հետ կապված ուկրաինական իշխանությունները խնդիր ունեն, ապա ինչ ուզում են՝ թող անեն, անձեռնմխելիությունը հանված է, ցուցանակը հանված է, դրոշը տեղափոխված է: Դա այլևս Հայաստանի դեսպանի առանձնատունը չէ», - նշեց Մանուկյանը:
Հիմա, եթե այդ բնակարանի հետ կապված ուկրաինական իշխանությունները խնդիր ունեն, ապա ինչ ուզում են՝ թող անեն, անձեռնմխելիությունը հանված է ...Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ առանձնատունը ձևակերպված է Մարինա Ժուրավլյովայի անունով, ով Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակից, ներկայումս այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործով որպես կասկածյալ անցնող Վիկտոր Սիվեցի կինն է: Ուկրաինական լրատվամիջոցի պնդմամբ` իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին` դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:
Դեսպան Անդրանիկ Մանուկյանը չի թաքցնում, որ առանձնատունը Մարինա Ժուրավլյովայից է վարձակալել, սակայն պնդում է, որ նրա ամուսնուն՝ Յանուկովիչի մտերիմ Սիվեցին, չի ճանաչում։ Ասաց, որ տունը մինչև ուկրաինական հեղափոխությունն է վարձակալել և մտքով էլ չի անցել, որ այդ շենքը վարձակալելով ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում։
Your browser doesn’t support HTML5
Կիևի էլիտար թաղամասում գտնվող առանձնատուն օրերս «Ազատության» ուկրաինական ծառայության լրագրողներն էին այցելել, մինչդեռ նրանց հետ հրաժարվել էին խոսել։
Ուկրաինական մամուլի տվյալներով Սիվեցի ամբողջ ունեցվածքը կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի անունով է գրանցված։
Մայդանից հետո Մոսկվա տեղափոխված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում են, դրանցով հիմնականում զբաղվում է Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և, ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ, իջևանում է հենց այն տանը, որը մինչև երեկ Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն էր:
Ես նրան հարցրեցի՝ արդյո՞ք Մարինա Վասիլևան տանն է: Նա ասաց՝ տանն է ու հարցրեց, թե ի՞նչ կարող է փոխանցել ...Ալլա Շերշեն
Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ տանը միայն իր ընտանիքն է բնակվում, մինչդեռ հետաքննող լրագրող Ալլա Շերշենը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում պատմեց, որ դեռևս 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, այցելել էր առանձնատուն և պարզել, որ Ժուրավլյովան այնտեղ է։
Your browser doesn’t support HTML5
«Այնտեղ առանձնատան աշխատակիցներից մեկը ծառերն էր ջրում: Ես նրան հարցրեցի՝ արդյո՞ք Մարինա Վասիլևնան տանն է: Նա ասաց՝ տանն է, ու հարցրեց, թե ի՞նչ կարող է փոխանցել: Ես ասացի, որ լրագրող եմ և ցանկանում եմ իր հետ խոսել: Այդ դեպքում դիմեք Մելնիկովի 83 հասցեով (այնտեղ է գտնվում Սիվեցի կնոջը պատկանող Bestwood ընկերության գլխամասային գրասենյակը)», - պատմել էր լրագրողը: