Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Շալիկո Թամրազյանը դեռ գարնանը տեղական հանրաքվեին մասնակցել ու համայնքների խոշորացման ծրագրին դեմ է քվեարկել՝ հույսով, թե իր ու համագյուղացիների ձայնը հաշվի են առնելու, և մոտ 4 հազար բնակիչ ունեցող Հաղարծինը կարգավիճակով առանձին գյուղ է մնալու։
Բայց անցած շաբաթ Շալիկո Թամրազյանը հետևել է օրինագծի խորհրդարանական քննարկումներին ու տեղեկացել․ գործող Սահմանադրությունը կառավարությանը հնարավորություն է տալիս տեղական հանրաքվե կազմակերպել, իմանալ բնակչության կարծիքը, սակայն օրենք ընդունելիս անտեսել հանրաքվեի արդյունքները։ Հաղարծինի բնակիչը մտահոգվել է․ - «Մեր «ոչ»-ը տեղ չհասավ էլի, «ոչ»-ը չհասավ իրա նպատակին»։
Շալիկոն Հաղարծինի գյուղապետարանի 14 աշխատողներից մեկն է։ Ջրագծերի անսարքությունն է վերացնում, գյուղի մաքրությանը հետևում։ Ամսական 55 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Կարևոր գործ է անում, բայց էլի մտավախություն ունի, թե Հաղարծինը Դիլիջանին միացնելուց հետո ինքը կկորցնի աշխատանքը։ «Դե կարող ա էն վախտ Դիլիջանից իրանց մասնագետին բերեն՝ աշխատի։ Մենք երևի անգործ կմնանք ու կնստենք տանը»,- ասում է նա։
Գյուղն ավելի քան 10 կմ հեռավորությամբ գտնվող Դիլիջանին միացնելու՝ կառավարության ծրագրին դեմ քվեարկածների թիվը Հաղարծինում, պաշտոնական տվյալներով, կրկնակի ավելի է եղել կողմ քվեարկածների թվից: Կողմ քվեարկած որևէ մեկին գյուղում չհանդիպեցինք։ Համայնքների խոշորացման նախաձեռնության հեղինակների հավաստիացումները, թե քաղաքին միավորվող գյուղերը շահելու են, բնակիչներին հավատ չեն ներշնչում:
Գյուղացիները մտավախություն ունեն, թե խնդիրներին քաղաքից ավելի դանդաղ կարձագանքեն, քան դա իրենց կողքին գործող գյուղապետարանի աշխատակազմն է անում։ Շեշտում են՝ սոցիալական խնդիրները շատ են ու հաճախ անլուծելի։ Գյուղի տղամարդկանց մեծ մասը հեռուներում է աշխատանք փնտրում։ Համոզված են, որ վերևներից պարտադրվող այս ծրագիրը գյուղին օգուտ չի բերի։
«Մենք ոնց յոլա ենք գնում, տենց յոլա ենք գնում։ Մեզ Դիլիջանին միանալը վաբշե պետք չի։ Դիլիջանը մթոմ իրան կարում ա պահի, ինձ տի՞ պահի», «Մեզ փող տվող չկա, մեզանից փող տանող կա, բայց փող տվող չկա», «Որ էդ դեպուտատնին փողերը բանկն են ածել, Շվեյցարիայի էդ փողերը թող պետականացնեն, բերեն էս ժղովրդին բաժանեն», «Քաչալը դարման ունենա՝ իրա գլխին կանի, դիլիջանցիք ունենան՝ իրանց կանեն», «Դրանց նպատակն է նա, որ մի հատ հավաքարար ա ստի աշխատում, մի մարդը մեռած, եթիմ աղջիկ ա, դրան էլ գործից հանեն ու պրծնեն», - «Ազատության» հետ զրույցում դժգոհում էին գյուղացիները:
Նվեր Պետրոսյանը մեկ տարի առաջ գյուղի կենտրոնում դեղատուն է բացել, գործ դրել, ասում է, թե «դեռ մեկը երկու չի դառնում»։ Դեղագործ Նվերը, որ տեղական հանրաքվեին չի մասնակցել, թերահավատ է, թե քաղաքի մաս դառնալուց հետո Հաղարծինում աշխուժություն կլինի, և իր դեղատան ապառիկի ցուցակները կնոսրանան։ «Գյուղի 80 տոկոսը աշխատանք չունի, որ Դիլիջանին միացավ, պտի գնան Դիլիջան աշխատե՞ն։ Հիմա էլ են գնում, եթե կա տարբերակ, գնում՝ աշխատում են»։
Հաղարծինցիները կառավարության անդամներին ու օրենսդիր պատգամավորներին ասում են՝ գյուղացուն գյուղի հետ կապելու միջոցներ են պետք։ «Աշխատատեղերը հանում են, տանում են... մարդիկ փախչում են, դրա մասին մտածեք, թե չէ խոշորացնում են...»:
Հարևան Թեղուտում էլ մայիսի 17-ին տեղի ունեցած տեղական հանրաքվեին «դեմ»-երի թիվը զգալիորեն գերազանցել է «կողմ»-երին։ Այստեղ ևս գյուղացիները, որ անտառանյութից բացի, եկամտի այլ աղբյուր չունեն, համայնքների խոշորացման հետ հույսեր չեն կապում։ «Լրիվ անիմաստ բաներ ա։ Չգիտենք՝ էս գյուղերին են հարիֆացնում, թե ինչ են անում, բայց լրիվ հիմարություն ա։ Ես ստեղ փոփոխություն դեպի լավ վաբշե չեմ տեսնում։ Գյուղով որևէ մեկը հետաքրքրվում ա՞»,- հարց է տալիս գյուղացիներից մեկը:
Թեղուտի գյուղապետարանի քարտուղարն էլ մյուսների օրինակով ասաց, թե գյուղացու խոսքին ականջ դնող չկա՝ «Մեր կարծիքն ո՞վ ա հաշվի առնում»։
Մինչդեռ, Դիլիջան քաղաքում, որին, ըստ խոշորացման ծրագրի, 6 գյուղ կմիանա, շատերը դրական կարծիք ունեն համայնքների միավորման մասին: Ասում են՝ համենայնդեպս, Դիլիջանը չի տուժի։ Բայց այստեղ էլ համոզված են, որ գյուղերում ու քաղաքներում սոցիալական վիճակը բարելավելու համար ավելի լուրջ նախաձեռնություններ են պետք։