Տաքսու վարորդները կրկին բողոքում են

Տաքսու վարորդների ցույցը Հանրապետության հրապարակում: 3-ը մարտի 2015 թ․

Այսօր մի քանի տասնյակ տաքսիստներ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ բողոքի ցույց էին կազմակերպել:

Բողոքավորների բարձրացրած խնդիրները մի քանիսն են:

Բողոքում են առաջին հերթին լիցենզավորման կարգից, որը «գրեթե ամեն տարի փոխվում է», ինչի արդյունքում իրենք անիմաստ գումարներ են ծախսում։

«2012 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի հունվարը մարդիկ 500 դոլար ծախսեցին․․․ վեց ամիս հետո նախարարությունը ասեց՝ նոր օրենք ենք հանում, կտրոն եք հիմա էլ կպցնելու, դեղին համարանիշները հանեք: Այսինքն՝ ևս 5 հազար հոգի էլ ևս 500 դոլար քցվեց», - ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հաճախակի փոփոխությունների հետևանքով բազմաթիվ տաքսի ծառայություններ սնանկացել են․ - «Լուծարվել են 70 տոկոսը: Տաքսի-սերվիսի երկու տնօրեններ կախվել են»:

Տաքսիստների տեղեկություններով, այժմ նախարարությունը նոր կարգ է սահմանում, և նրանց մեծ մասը այլևս չի ցանկանում լիցենզավորվել, քանի որ համոզված են, որ կրկին գումար են ծախսելու, իսկ նոր կարգը շուտով դարձյալ փոխվելու է:

Նրանք բարձրացնում են նաև տաքսիների կայանատեղիների հարցը, որոնք Երևանում, իրենց պնդմամբ, գրեթե չկան:

Բողոքում են տուգանքներից: Որոշ դեպքերում, տաքսի ծառայության տնօրեն Սուրեն Մկրտչյանի խոսքով, տուգանքները այնքան շատ են լինում, որ վարորդն անվճարունակ է ճանաչվում, և արդյունքում այդ գումարը, որը միլիոնների է հասնում, տաքսի ծառայության տնօրենից են պահանջում․ - «Ես ասում եմ՝ օրենքով կա՞ տենց բան, որ եթե պետական մենենայով վարորդը խախտում է կատարել, պիտի հիմնարկը վճարի, ասում ա՝ օրենք չկա, ներքին կարգով ա»:

Տրանսպորտի նախարարության հետ մի քանի բանակցություններից հետո տաքսիստները որոշել էին Նախագահի նստավայր գնալ, քանի որ գերատեսչությունը իրենց խնդիրները չի լուծում։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահի հաշվարկներով, անցյալ տարի ներդրված նոր կարգով մինչև օրս լիցենզավորվել է տաքսու վարորդների 10 տոկոսը միայն:

Բողոքավորների ծրագրած երթը դեպի Նախագահի նստավայր այսօր չկայացավ: Փոխարենը տաքսի ծառայությունների մի քանի տնօրեններ ու տաքսու անհատ վարորդները հանդիպում ունեցան Ոստիկանությունում: Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ, որոշեցին առաջիկա շաբաթվա վերջին հանդիպել ճանապարհային երթևեկության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ խնդիրների կարգավորման իրավական ուղիներ փնտրելու համար: