Տավուշի մարզի սահմանամերձ Ազատամուտ գյուղի 2200 ընտրողների ավելի քան 1/3-ը Հանրապետական կուսակցության անդամատոմս ունի։ Մտաբերում են՝ դեռ տարիներ առաջ նորընտիր գյուղապետը հանրապետական դառնալուց հետո հենց իր աշխատասենյակում գյուղացիներին անդամագրել ու կուսակցական տոմսեր է բաժանել։
Ազատամուտցի Նարգիզն էլ հանրապետական է։ Ասում է՝ հաստատ մասնակցելու է սահմանադրական հանրաքվեին, բայց դեռ չի կողմնորոշվել՝ «այո», թե՝ «ոչ» կքվեարկի։ Գյուղի կենտրոնում իր ունեցած հին ու ժանգոտ տնակը մթերային խանութ է դարձրել ու պարտավորվել անդամագրվել Հանրապետականին։
«Դե, բա հմի պետական աշխատող եմ, գնամ՝ որդի՞ գրվեմ»։ «Որտե՞ղ եք աշխատում»,- հարցնում եմ։ «Դե, հարկային դաշտում։ Խանութ ա, պետական աշխատող չե՞մ»,- ասում է։
Նարգիզի հարևան Քնարիկն էլ է հանրապետական։ «Բա Հանրապետականի գրքույկնի ա էլի մերը սաղ, սաղ։ Լրիվ՝ ինչքան ընտանիք ունեմ, գրքույկնին ունենք Հանրապետականի։ Բայց ի՞նչ եմ անում»,- հարցնում է նա։
Հանրապետական Քնարիկն ասում է՝ տարիներ առաջ ստացած կուսակցական տոմսը խնամքով պահել, բայց երբեք չի օգտագործել։ Պետք չի գա թերևս նաև առաջիկա հանրաքվեին։ Որոշել են՝ դեկտեմբերի 6-ին գերդաստանի հանրապետական անդամներով քվեարկության չեն գնա։ «Գործ չունե՛նք, ուզում ա Հանրապետական, ուզում ա նհե ըլի, ուզում ա այո ըլի, ուզում ա ոչ ըլի, տանիցը դուս չտենք գա ոչ մեկս։ Վե՛րջ»։
Երբեմնի բանվորական ավանի բնակիչներն ասում են՝ գյուղ դարձած իրենց բնակավայրում լավ չեն ապրում։ Հանրապետական հարևանները դժվարանում են հավատալ, որ իրենք ու Երևանում իշխող պաշտոնյաները նույն կուսակցությունից են, նույն ընտանիքից։ Ասում են՝ նրանցից միայն խոստումներ են լսել, որոնք այդպես էլ արդյունք չեն տվել։
«Իրանք էլ են հույսով ապրում, որ լավ կլնի։ Տենանք»։
«Ես որ տելեվիզորը նայում եմ, ես գիդում եմ, որ արդեն առավոտը վեր կենամ, պոլնի լավ ենք ապրելու»։ «Դուք էլ ե՞ք կուսակցական»։ «Չէ, ոչ մի կուսակց..., հա՛, այսինքն հանրապետական ենք, ճիշտ ա։ Հանրապետականի բան ունենք, տվել են մեզ մեր գյուղապետարանում։ Կանչել են, բա՝ ո՞ր կուսակցությունն եք ուզում։ Դե մենք էլ ստիպված Հանրապետականն ենք ընտրել։ Բա ի՞նչ պետքա անեինք»,- անկեղծանում է ազատամուտցի կինը։
Ի դեպ, Ազատամուտում մեր զրուցակիցներից շատերն էին մոռացել, որ իշխող կուսակցության անդամատոմս ունեն։ «Այո» քվեարկել պատրաստվող մի տղամարդ էլ խոստովանեց, որ ՀՀԿ-ի անդամակցությամբ է պայմանավորված իր կողմ քվեն։ «Բա ի՞նչ անեմ։ Ես աշխատող մարդ եմ։ Էլեկտրացանցում եմ աշխատում»։
Հանրապետական ազատամուտցիներից շատերը, որ երբեմն հազիվ էին մտաբերում իրենց կուսակցական լինելը, պնդում էին՝ կգնան քվեարկության, բայց կողմնորոշվելու համար դեռ պիտի կարդան նոր Սահմանադրության նախագիծը։
«Դեռ չենք կողմնորոշվել։ Բայց դե եսիմ, տենանք, էլի։ Գյուղապետը կկանչի, կասի, կետերը կտենանք՝ ինչ ա, ինչ չի, հարմար ա...»
7 տարի առաջ՝ ընտրվելուց անմիջապես հետո հանրապետական դարձած գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը համոզված է՝ համատարած իր կուսակիցը դարձած ազատամուտցիները դեկտեմբերի 6-ին միասնաբար «այո» են ասելու։ Գյուղամիջում «Այո»-ի շտաբ է բացել։ Ասում է՝ քարոզարշավի օրերին «Ոչ»-ի ճամբարից մեկ անգամ են ներկայացուցիչներ եկել գյուղ՝ իր համար անհասկանալի գործով։
«Ընդդիմությունը Սահմանադրության հետ ի՞նչ կապ ունի։ Ես էդքանը չեմ հասկանում»,- ասում է գյուղապետը։