Կոռուպցիոն նոր սկանդալ Ուկրաինայում՝ Հայաստանի դեսպանի մասնակցությամբ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայրը, արտապատկերում CorruptUA.org կայքից

СorruptUA պարբերականը պարզել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը:

Մայրաքաղաք Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվով շքեղ առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել:

Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը:

Հոդվածագիրը պնդում է՝ սեփականության իրավունքի ռեեստրում չկա տեղեկություն այն մասին, որ առանձնատունը վարձով է տրվել: Վկայակոչելով անշարժ գույքի շուկայի մասնագետների մոտավոր հաշվարկները՝ պարբերականը նշում է, որ առանձնատան միջին գինը կազմում է 2․5 միլիոն դոլար:

Անդրանիկ Մանուկյանի այդ թանկարժեք նստավայրի և դրանում դեսպանի բնակության ժամկետի մասին լրատվամիջոցի պաշտոնական հարցումը դեսպանությունն անտեսել է:

Պարբերականը բացում է փակագծերը. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են, հետևաբար՝ Յանուկովիչի դաշնակից և դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվով Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:

Թերթը հիշեցնում է, որ փակված չէ Ուկրաինայի նախկին գլխավոր անտառապետի մասնակցությամբ այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների գործը, որով նա որպես կասկածյալ է անցնում: Քրեական այս գործը մասնավորապես վերաբերում է բազմամիլիոնանոց գործարքների, որոնք կնքվել են օֆշորային տարբեր ընկերությունների հետ:

Թերթի հավաստմամբ՝ միլիոններ կուտակած Սիվեցի ամբողջ ունեցվածքը գրանցված է կնոջ անունով: Մայդանից հետո Մոսկվայում հաստատված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում է. դրանցով հիմնականում զբաղվում է Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և իջևանում հենց այն տանը, որն էլ այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն է:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, թե հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում՝ առանց հստակեցումների: Երկրորդ և վերջին նախադասությամբ Հայաստանի դիվանագիտական առաքելությունը վստահեցնում է, որ դեսպանի նստավայրում բացի դեսպանից և նրա ընտանիքի անդամներից ոչ ոք իրավունք չունի բնակվել և չի բնակվում: