«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր իր մի քանի տասնյակ կողմնակիցների հետ հավաք էր անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Հայրիկյանը եկել էր զգուշացնելու ԿԸՀ-ի անդամներին, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական է:
«Այսօր մենք հանձնաժողովին ասում ենք՝ դուք մասնակից եք հանցագործության։ Դուք վարձկաններ եք դարձել և ծառայում ենք օրինամերժ ուժին»,- հայտարարեց Հայրիկյանը։
Պնդելով, որ սահմանադրական փոփոխությունների արդեն չգործող մասնագիտական հանձնաժողովը չի լսել իրենց առաջարկները, Հայրիկյանը դիմել էր Վարչական դատարան, դիմումը վարույթ էր ընդունվել: Դրանից հետո, ըստ ԱԻՄ ղեկավարի, ԿԸՀ-ն պետք է կասեցներ հանրաքվեն: Պարույր Հայրիկյանը հայտնեց նաև, որ առաջիկայում ինքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:
«Ինքը նույնպես անհատապես խախտել է Սահմանադրությունը՝ չպատասխանելով Սահմանադրության խախտման վերաբերյալ մեր դիմումներին»,- ասաց նա։
Այսօրվա հավաքը, Հայրիկյանի խոսքով, քիչ է իրազեկվել, իսկ նոյեմբերի 27-ին իրենք Ազատության հրապարակում մեծ ընդգրկումով հավաք են իրականացնելու, և այնտեղ միայն ընդդիմադիրներին չէ, որ սպասում են. - «Այդ օրը մենք սպասելու ենք նաև մարդկային նկարագիրը պահպանած հանրապետականներին»։
Հավաքի ընթացքում ԱԻՄ ղեկավարը մի քանի անգամ բարձրախոսով դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին.- «Ամենաբացասական բանն եք անում, որ կարող եք անել։ Լա՛վ, կյանքում չեք լսե՞լ, որ կա «գործադուլ» բառը, ասում եք՝ «ես էս կեղտին չեմ մասնակցի»։