Հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։
Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի առաքելության ներկայացուցիչ Էսթերի Մուսայելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք Գրիգորյանին փոխանցել են ԼՂ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին:
«Կարմին Խաչի միջազգային կոմիտեն ընդամենը միջնորդել է, որ ինքը հանձնվի ղարաբաղյան կողմին», - հավելեց Մուսայելյանը:
Անդրանիկ Գրիգորյանի՝ սահմանն անցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, հիշեցնենք, նշվում էր, որ զինծառայողը զենք-զինամթերքը թողել էր մարտական հենակետում: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ մեկնաբանելի չէ, և կանխատեսել, որ ադրբեջանցիները շուտով կհայտարարեն, թե նա զինված հարձակում է իրականացրել Ադրբեջանի վրա:
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հրապարակել էին մի տեսանյութ, որտեղ Գրիգորյանը սպիտակ կտորը ձեռքին հատում է սահմանը: Մեկ այլ տեսանյութում նա պատմում էր, թե ինչու է հեռացել մարտական հենակետից:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե զինվորն ընտանիքում էր խնդիրներ ունեցել:
«Ազատության» հետ զրույցում սահմանը հատած զինծառայողի մայրն ասել էր, թե վերջին հանդիպման ժամանակ որդին անտրամադիր է եղել: Մոր խոսքով, Անդրանիկը ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել, այդ մասին հայտնել էր զորամասի հրամանատարությանը՝ խնդրելով փոխել իր ծառայության վայրը: