Գիշերը ժամը 4:20-ի սահմաններում ֆրանսիական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ է սկսել Փարիզի Սեն Դենի արվարձանում, առնվազն երկու ջիհադիստ ոչնչացվել է, նրանցից մեկը՝ կին, որն ինքնասպան է եղել պայթուցիկներով գոտին գործի դնելու հետևանքով: Փարիզի դատախազությունը հաղորդել է, որ ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով 7 հոգի ձերբակալվել է։ Ձերբակալվածների ինքնությունը դեռևս չի հրապարակվում:
BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ սա առաջին դեպքն է, երբ բացահայտվում է կին ջիհադիստի ահաբեկչական գործողությունը Եվրոպայի տարածքում:
Ոստիկանական աղբյուրները հաղորդում են, որ գիշերը մեկնարկած և ավելի քան 7 ժամ տևած հատուկ գործողության նպատակակետն է եղել նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդի ձերբակալությունը:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ահաբեկիչները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, հնչել են պայթյուններ․ վիրավորվել է առնվազն 5 ոստիկան: Reuters-ը հաղորդում է, որ արվարձանի բնակիչները պատուհաններից նկարահանել են կրակահերթերով ուղեկցվող ոստիկանական գործողությունները, որոնցում ներգրավվել են նաև ֆրանսիական զինված ուժերի ներկայացուցիչներ:
Ականատեսները գիշերային մղձավանջից մանրամասներ են պատմել: «Ես բացեցի պատուհանը և տեսա ոստիկանի, որը վազում էր փողոցով՝ մարդկանց հետևից, և հրահանգում էր՝ «չշարժվե՛լ, չշարժվե՛լ, փակե՛լ պատուհանները»: Մենք փակեցինք պատուհանները, մնացինք տանը, բայց ամեն 15 րոպեն մեկ լսում էինք բարձր պայթյուններ, լսեցինք 3, 4, 5 անգամ»։
Մեկ այլ քաղաքացի վկայել է.- «Մենք մի քիչ վախեցած ենք, մի քիչ տխուր: Բայց պետք է ուժեղ մնաս... Ես կարծում եմ՝ ամենալավ պատասխանը, որ մենք ունենք, շարունակելն է լավ ապրել»:
Հատուկ գործողության մեկնարկից երեք ժամ անց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հրավիրել է արտակարգ, շտապ խորհրդակցություն՝ ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի, պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանի, արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի, վարչապետ Մանյուել Վալսի և արդարադատության նախարար Քրիստիան Թոբիրայի մասնակցությամբ:
France 24-ի հաղորդմամբ, Կազնյովը արտակարգ խորհրդակցությանը մասնակցել է մի քանի րոպե, նա արագ հեռացել է ներքին գործերի նախարարություն, որպեսզի հետևի իրավապահների հատուկ գործողություններին:
Արտակարգ խորհրդակցությունից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստաուղերձով կրկին խոսել է «Իսլամական պետությանը» ընդլայնված կոալիցիայի ջանքերով վճռական հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին: «Մենք դա պետք է անենք միջազգային հանրության աջակցությամբ»,- ասել է նա։
Նախատեսված է, որ Օլանդը գալիք երեքշաբթի Վաշինգտոնում Բարաք Օբամայի, իսկ ուրբաթ օրը Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ հարցերը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հիշեցնենք, ստանձնել է Փարիզում առնվազն 132 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը: